Իր հայցի միջոցով Օնիկ Գասպարյանը չի կարող վերականգնվել ԳՇ պետի պաշտոնին․ Ռուստամ Բադասյան (տեսանյութ)
Օնիկ Գասպարյանն ազատված է ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից, Արտակ Դավթյանը նշանակված է համապատասխան պաշտոնին։ Իր հայցի միջոցով Օնիկ Գասպարյանը չի կարող վերականգնվել ԳՇ պետի պաշտոնին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը դիմել էր Վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշումը։ Վարչական դատարանը որոշել էր, որ Գասպարյանը կմնա ԳՇ պետի պաշտոնին՝ մինչև դատավարության ավարտը։
«Վարչական դատարանի ակտը նշված գործընթացի վրա ազդեցություն չունի․ թե ինչ կլինի հետագայում, կտեսնենք դատավարության ընթացքում։ Նաև ՍԴ-ում համապատասխան օրենքի դրույթներն են վիճարկվում, կպարզվի՝ ինչ ազդեցություն դա կարող է ունենալ վարչական գործի վրա։ Դատավարությանը հետևելով՝ կտեսնենք արդյունքները»,-ասաց նա։
Նախարարի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր արած հայտարարությունը, որ Արտակ դավթյանն իրավունքի ուժով նշանակվել է ԳՇ պետ, ընդամենը արձանագրում է։
«ՀՀ նախագահի կողմից Գասպարյանի ազատման նախագիծն առարկություններով վերադարձվել է, վարչապետը չի ընդունել։ Հաջորդ դրույթի համաձայն՝ եթե նախագահը չի դիմում ՍԴ, չի ստորագրում համապատասխան հրամանագիրը, ապա այն իրավունքի ուժով մտնում է ուժի մեջ։ Այսօր ընդամենը Սահմանադրության դրույթն ուժի մեջ է մտել։ Վարչապետն ընդամենը օրենսդրական կարգավորման համաձայն պարտավոր էր հայտարարություն տարածել։
Անդրադառնալով Գասպարյանի հայցին՝ արդարադատության նախարարն ասաց․ «Հայցվորը պահանջել է առոչինչ ճանաչել ակտը, հայցվորի ու նրա ներկայացուցիչների համար էլ ակնհայտ է եղել, որ գոյություն ունի ակտը։ Դատարանը, օգտվելով իր վարչական դատավարության առանձնահատկություններով պայմանավորված լիազորություններից, առաջարկել է ներկայացնել այլ հայցատեսակներ։ Մասնավորապես, կա՛մ իրավահարաբերության բացակայության ճանաչման հայցատեսակը, կա՛մ այն հայցատեսակը, որ կատարմամբ իրեն սպառած ակտը, կամ գործողությունը, կամ անգործությունը կարող է վիճարկվել, եթե անձը նպատակ ունի պատվի, արժանապատվության պատճառված վնասը հատուցել, կամ հետագայում նման գործողություն կատարելու վտանգ կա»-ասաց նա։










