Բրազիլիայի նախագահը երկրի նահանգապետերին «բռնապետեր» է անվանել հակակորոնավիրուսային սահմանափակումների պատճառով
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն «բռնապետեր» է անվանել երկրի նահանգապետերին և քաղաքապետերին՝ կորոնավիրուսի բռնկումը զսպելու նպատակով սահմանափակումներ կիրառելու համար, գրում է BBC-ն։
Նախօրեին իր ծննդյան օրվա տոնակատարության ժամանակ, դիմելով իր կողմնակիցներին, նա նշել է, որ իր կառավարությունն ամեն ինչ արել է տնտեսությունը վերաբացելու համար։
Բոլսոնարուն, որը նախօրեին դարձել է 66 տարեկան, պնդել է՝ պարտադիր կարանտինային միջոցները միայն կվնասեն տնտեսությանը, և դա ավելի վատ կլինի, քան կորոնավիրուսի հասցրած վնասը:
Բրազիլիայի առողջապահության գլխավոր ինստիտուտը՝ Fiocruz-ը, վերջերս հայտնել է՝ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը «չափազանց կրիտիկական է, իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ սա Բրազիլիայի պատմության մեջ բժշկական ծառայությունների ամենամեծ փլուզումն է»։
Բրազիլիայում Covid-19 համավարակի սկզբից ի վեր վարակվել է ավելի 11 998 233 մարդ, մահացել՝ 294 115-ը։










