Զինված ուժերի ղեկավար կազմի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ. Արտակ Դավթյան
Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։ Այս մասին իր հայտարարության մեջ նշել է Արտակ Դավթյանը, ով ավելի վաղ Կառավարության հայտարարությամբ իրավունքի ուժով համարվել է ԳՇ պետ:
Հայտարարությունը՝ ստորև.
«44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի և Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման և ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները։
Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։
ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ»։
Նշենք, որ ս.թ. փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր՝ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ, և բանակը պահանջում է Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու առաջարկություն էր ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, սակայն վերջինս առարկություններով վերադարձրել էր այն, երկրորդ անգամ ստանալով՝ չէր ստորագրել:
Վերոնշյալ իրադարձություններից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտականությունները ժամանակավորապես կատարելու է ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, իսկ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին էր ներկայացրել Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու մասին առաջարկությունը:
Արմեն Սարգսյանը առարկություններով ետ էր վերադարձրել այն, այսօր արդեն Կառավարությունը հայտարարություն է տարածել առ այն, որ իրավունքի ուժով Արտակ Դավթյանը համարվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ:










