ԵՄ-ն կարող է թույլ չտալ AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութի հետագա արտահանումը Մեծ Բրիտանիա․ Bloomberg
Եվրոպական միությունը կուսումնասիրի AstraZeneca դեղագործական ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի` Մեծ Բրիտանիա արտահանելու վերաբերյալ հարցումները և, հավանաբար, կմերժի դրանք, քանի դեռ արտադրողը չի կատարել դաշինքի երկրներ դեղամիջոցների մատակարարման իր պարտավորությունները, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ինչպես նշում է գործակալությունը, ԵՄ-ից Մեծ Բրիտանիա է արտահանվել կորոնավիրուսի դեմ ավելի քան 10 մլն չափաբաժին։ Սակայն, ըստ անանուն պաշտոնյաների, AstraZeneca-ի պատվաստանյութերն այդ մատակարարումների միայն մի փոքր մասն է կազմում։
Բացի այդ, եվրոպացի անանուն բարձրաստիճան պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ Եվրամիությունը պատվաստանյութ արտադրող ընկերության հետ կնքել է սեփական պայմանագրերը և դրանց դրույթները չեն պահպանվում: Դրույթներից մեկի համաձայն՝ պատվաստանյութի դեղաչափերը և բաղադրիչները, որոնք արտադրվում են եվրոպական ձեռնարկություններում, կօգտագործվեն միայն ԵՄ-ի շրջանակներում մատակարարումների համար:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր Եվրամիությունից AstraZeneca դեղամիջոցի արտահանման արգելք սահմանելու հնարավորության մասին, որը միության երկրներ է մատակարարել պատվաստանյութի համաձայնեցված քանակի միայն մի մասը: Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդգծել էր, որ առաջին եռամսյակում AstraZeneca-ն ԵՄ երկրներին մատակարարել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի համաձայնեցված ծավալի միայն 30 տոկոսը:










