«Մեղքի այդ կառույցները դեմ են Ավետարանին». Հռոմի պապը կոչ է արել պայքարել մաֆիայի դեմ, որը համավարակն օգտագործում է հարստանալու համար

10:06 • 22.03.21

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախօրեին Վատիկանի առաքելական պալատի գրադարանից դիմել է հավատացյալներին՝ կոչ անելով պայքարել կազմակերպված հանցավոր խմբավորումների, այդ թվում՝ մաֆիայի դեմ, որոնք կորոնավիրուսի համավարակն օգտագործում են հարստանալու համար, փոխանցում է Reuters-ը։

«Մաֆիան գոյություն ունի աշխարհի տարբեր մասերում և, օգտվելով համավարակից, հարստանում է կոռուպցիայի միջոցով»,- Իտալիայում կազմակերպված հանցավորության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ասել է Հռոմի պապը։

Դեկտեմբերին Ինտերպոլը գլոբալ նախազգուշացում էր հրապարակել այն մասին, որ կազմակերպված հանցավոր ցանցերը փորձում են կեղծ COVID-19 պատվաստանյութեր տարածել: Մարտին Հարավային  Աֆրիկայում ոստիկանությունը հարյուրավոր կեղծ պատվաստանյութեր էր առգրավել և ձերբակալել չորս կասկածյալի։

«Մեղքի այդ կառույցները, մաֆիոզ կառույցները, դեմ են Ավետարանին և իրենց հավատի փոխել են կռապաշտությամբ», - հավելել է Հռոմի պապը։