Ներդրումային միջավայրը վատացել է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ադրբեջանում. պետք է հնարավորինս շատ աշխատել ներդրողների հետ. Էկոնոմիկայի փոխնախարար (տեսանյութ)
Կան ներդրումային ծրագրեր, որոնք մասնավոր հատվածում են գործում, և պետությունը որևէ ներգրավվածություն չունի այդտեղ: Մենք համարում ենք, որ սա շատ լավ է, որովհետև որքան առանց պետության ներգրավվածությամբ հնարավոր լինի ներդրումային ծրագրեր իրականացնել ՀՀ-ում, այդքան կարող ենք համարել, որ մեր ներդրումային դաշտը բարելավված է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
Վերջինս, խոսելով հետպատերազմյան շրջանում ներդրումների նվազման և առաջացած դժվարությունների մասին, ասաց, որ այդ խնդիրը տարածաշրջանային է:
«Եղել է պատերազմ, որը ցանկացած ներդրումային ծրագրի համար առաջացնում է ռիսկեր։ Ընդ որում, ներդրումային միջավայրը վատացել է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ադրբեջանում։ Երկարաժամկետ ներդրումների տեսանկյունից մենք կարողանալու ենք աճել և շարունակելու ենք հետաքրքր մնալ ներդրողների համար, սակայն կարճաժամկետ ներդրումների առումով խնդիր ունենք։ Այս պահին պետք է հնարավորինս շատ աշխատել ներդրողների հետ և մշակել կոնկրետ գործիքակազմ»,-նշեց փոխնախարարը:
Ինչ վերաբերում թուրքական ապրանքների ներկրման արգելքի պարագայում տեղական արտադրանք կազմակերպելու և հումք ձեռք բերելու հարցերին, Ավագյանը նշեց, որ ցածր մակարդակում արտադրության ծավալների որոշակի աճ է նկատվում՝ դժվարանալով պատասխանել՝ արդյոք արգելքի ժամկետը երկարաձգվելու է:
«Այն ապրանքները, որոնց վրա արգելք է դրվել, ունենք պոտենցիալ դրանց արտադրությունը կազմակերպելու: Դժվարանում եմ պատասխանել՝ 6 ամիսը լրանալուց հետո կերարաձգվի էմբարգոն, թե ոչ: Համենայնդեպս քննարկումներ գնում են այդ հարցի շուրջ»,-նշեց նա:
Փոխնախարարը նշեց, որ դրսի մեր հայրենակիցների շրջանում կա հետաքրքրություն՝ Արցախում ներդրումներ կատարելու:
«Քայլեր են ձեռնարկվում, որ այն ընկերությունները, որոնք պատերազմի ընթացքում վնասեր են կրել, բայց որոշակի աջակցության շնորհիվ կարող են շարունակել գործել, աջակցություն ստանան։ Խոսքը, իհարկե, փոքրածավալ քանակությունների մասին է»,-եզրափակեց Ավանեսյանը:










