Ով ուզում է, թող հարմարվի, ես իմ տիկնոջ հետ գնում եմ փողոց. Երևանի N1 տուն-ինտերնատի բնակիչը՝ կառույցի տնօրենի փոփոխման մասին (տեսանյութ)

12:37 • 22.03.21

Այսօր Երևանի N1 տուն-ինտերնատի բնակիչները բողոքի ակցիա են սկսել կառույցի բակում՝ նշելով, որ համաձայն չեն տնօրենի փոփոխմանը: Շահառուներից մի քանիսը հացադուլ են հայտարարել՝ պահանջելով կառույցի հետ կապված որևէ փոփոխություն չիրականացնել:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանի հետ հանդիպումից հետո տուն-ինտերնատի բնակչները եզրակացրին, որ որևէ որոշում չի փոխվելու, և նոր նշանակված տնօրենը շարունակելու է պաշտոնավարել:

Շահառուներից Վոլոդյա պապը նշեց, որ որևէ կերպ չի պատրաստվում ապրել տուն-ինտերնատում այս պարագայում: «Ով ուզում է թող հարմարվի, ես իմ տիկնոջ հետ գնում եմ փողոց, կգնամ վրաններում կմնամ: Ինչ ուզում է, թող լինի այստեղ, պայքարեն, ազատեն, լցնեն, տանեն, թուրքերին բերեն, ինձ դա չի հետաքրքրում»:

Շահառուն նշեց, որ նախկին տնօրենից որևէ բողոք չի եղել, վերջինս պատրաստ է եղել ամեն ինչի, օգնել բոլորին, հետաքրքրվել բոլորով: «Այստեղ հավաքվածներից բոլորը պատրաստ են լքել տարածքն այս որոշումների պայմաններում»:

Նա շեշտեց նաև, որ չի հավատում նախարարության այն խոսքին, թե Երևանի N1 տուն-ինտերնատի և Նորքի տուն-ինտերնատի միավորման մասին տեղեկությունները կեղծ են: «Մարդկանց իրար վրա են լցնելու, ամուսիններին բաժանելու են, սենյակները բաժանելու տղամարդկանց և կանանց միջև: Նախկին տնօրենը գա, այսպես չի լինի, մինչև նա չգա, բնակիչները չեն հանգստանա»:

Մանրամասները՝ տեսանյութում։