Ճապոնիայի իշխանությունները որոշել են արտասահմանցիների համար խստացնել երկիր մուտք գործելու կանոնները
Ճապոնիայում մտադիր են խստացնել երկիր ժամանող օտարերկրյա քաղաքացիների մուտքի կանոնները՝ պայմանավորված կորոնավիրուսի նոր շտամների հայտնաբերմամբ: Ինչպես փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը, այս մասին մարտի 21-ին հայտնել է երկրի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարար Նորիհիսա Տամուրան:
Նրա խոսքով՝ երկիր մուտք գործելու նոր, առավել կոշտ կանոններ ներկա պահին գործում են այն երկրների քաղաքացիների համար որտեղ կորոնավիրուսի նոր շտամներ են հայտնաբերվել: Վերջինս հավելել է, որ ներկա պահին քննարկվում է այդ կանոնների ընդլայնման հարցը բոլոր օտարերկրացիների համար:
Խստացված կանոնների համաձայն՝ Ճապոնիա ժամանող բոլոր անձինք պարտավորվում են ՊՇՌ-թեստ հանձնել և, կարանտինի մեջ գտնվելով, սպասել դրա արդյունքներին: Դրական արդյունքի պարագայում օտարերկրյա քաղաքացիները ստիպված կլինեն վերադառնալ հայրնեիք և այնտեղ երկշաբաթյա կարանտին անցնել: Կանոնները գործում են 17 երկրի քաղաքացիների համար, որոնց թվում են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Չեխիան:
Ճապոնիայում, ընդհանուր առմամբ, համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 455 000 մարդ, մահացել՝ 8812-ը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հաղորդվող տեղեկությունների համաձայն՝ երկրի իշխանությունները հայտնել են, որ «Տոկիո-2020» Ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերը կանցկացվեն առանց արտասահմանցի երկրպագուների:










