Երևանի N1 տուն-ինտերնատի բնակիչներից 19-ը հացադուլ են անում՝ պահանջելով չմիավորվել Նորքի տուն-ինտերնատի հետ և վերադարձնել նախկին տնօրենին (տեսանյութ)
12։51
Նորանշանակ տնօրենը նշեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանի հետ աշխատանքային քննարկում ունեցան՝ հետագա քայլերը հասկանալու համար:
Տնօրենը խնդրեց, որ լրագրողները չխոչընդոտեն տարվող աշխատանքներին, և թույլ տան անցնել բնականոն աշխատանքի:
Բնակիչների բողոքի ակցիան ավարտվեց, սակայն նրանց բարձրացրած հարցերը, ըստ էության, չհանգուցալուծվեցին:
11։28
Լրագրողները տնօրենին հարցրին, թե ինչու է տուն-ինտերնատ եկել առանց կորոնավիրուսի թեստ հանձնելու, վերջինս պատասխանեց՝ իրեն թույլ չեն տալիս ներս մտնել, որպեսզի այդ հարցերը կարգավորի:
Հարցին, թե արդյոք տնօրենն աշխատանքից ազատման դիմում գրած աշխատակիցների հետ հանդիպելո՞ւ է և հասկանա, թե որն է այդ քայլի պատճառը, վերջինս պատասխանեց, որ հանդիպելու է բոլորի հետ, դառնալու են թիմ: «Ես չեմ եկել գլխատելու, ես եկել եմ լավի վրա լավը դնելու: Երբ նրանց հետ զրուցեմ ու հասկանամ, որ չեն ուզում իրենց տնօրենը լինեմ, կհրաժարվեմ, ես հանուն տարեցների՝ ամեն ինչի պատրաստ եմ»:
10։37
Ես չեմ տիրապետում այդ լուրերին, ես այսօր եմ տնօրեն նշանակվել: Այս մասին այսօր Երևանի N1 տուն-ինտերնատի և Նորքի տուն-ինտերնատի միավորման դեմ ակցիայի ժամանակ ասաց կառույցի նորանշանակ տնօրենը:
Երևանի N1 տուն-ինտերնատի բնակիչները դեմ են միավորմանը, քանի որ ըստ նրանց, անհնար է մի սենյակում ապրել մի քանի հոգով, և կառույցների միավորման դեպքում հենց այդպես էլ լինելու է: Բնակիչները դեմ են նաև տնօրենի փոփոխությանը, իսկ նորանշանակ տնօրենը պնդում է, որ նրանք ևս ընտանիք են դառնալու և պատասխանատու է բոլորի համար:
Նոր տնօրենը նշեց, որ նախկին տնօրենն այլևս պաշտոնի չէ, քանի որ լրացել է ժամկետը և չի երկարաձգվել, իսկ աշխատակիցների՝ աշխատանքից ազատման դիմումների մասին տեղյակ չէ, քանի որ այսօր նրա առաջին աշխատանքային օրն է:
Նշենք նաև, որ իրականացվող փոփոխությունների պատճառով 17 շահառու հացադուլ է հայտարարել:
«Մենք վերջին պահին ենք իմացել, որ տնօրենի փոփոխություն է տեղի ունենալու, հեռացող տնօրենը ևս մեկ օր առաջ է իմացել այս մասին: Ամեն դեպքում խնամյալների պահանջը մնում է նույնը»,-ասաց աշխատակիցներից մեկը:
Հարցին, թե ճի՞շտ է արդյոք այն տեղեկությունը, որ տուն-ինտերնատները միավորվելու են, նոր տնօրենը նշեց, որ նման խոսակցությունների մասին տեղյակ է այնքանով, որքան կա մամուլում, սակայն նշեց, որ վստահ է՝ յուրաքանչյուր քայլ արվում է հանուն բարօրության: «Ես դեռ միավորման մասին տվյալներին չեմ պատասխանում, կպատասխանեմ այս հարցերին տիրապետելուց հետո»:










