Նորվեգիայում մահվան ևս 2 դեպք է գրանցվել AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստումից հետո
Նորվեգիայի դեղերի գործակալությունը հաղորդել է երկու նոր մահվան դեպքի մասին բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության մշակած հակակորոնավիրուսային դեղամիջոցով պատվաստվելուց հետո, գրում է ՏԱՍՍ-ը:
Նախկինում ներարկումից հետո հինգ անձ հոսպիտալացվել էր: Պարզվել է, որ նրանց մոտ միանգամից ախտորոշվել է թրոմբոզ, արյունազեղում և թրոմբոցիտների մակարդակի նվազում:
«Նրանցից մեկը մահացել է շաբաթվա սկզբին, այժմ հայտարարվել է երկու նոր մահվան դեպքի մասին»,- ասվում է բժշկական կարգավորիչի հայտարարության մեջ:
Գործակալությունը չի բացառում, որ մահերը կարող են կապված լինել AstraZeneca պատվաստանյութի օգտագործման հետ:
Նկատենք, որ չնայած այն հանգամանքին, որ նախորդ շաբաթ Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) AstraZeneca պատվաստանյութը ճանաչել է անվտանգ և արդյունավետ: Չնայած սրան՝ Նորվեգիան որոշում է կայացրել չվերսկսել այս պատվաստանյութի օգտագործումը:
Մարտի 11-ին Նորվեգիան դադարեցրել է AstraZeneca-ով նախատեսված հակակորոնավիրուսային պատվաստանյութերը:
Հիշեցնենք՝ ներկայում ԵՄ շուկայում թույլատրվում են Pfizer/BioNTech (գնվել է շուրջ 600 միլիոն դեղաչափ), Moderna (գնվել է 160 միլիոն դեղաչափ) և AstraZeneca (գնվել է մոտ 400 միլիոն դեղաչափ) ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը: Բացի այդ, Եվրոպական հանձանաժողովը ԵՄ-ին պատվաստանյութեր մատակարարելու առնչությամբ պայմանագրեր է կնքել Johnson & Johnson, Sanofi-GSK, CureVac ընկերությունների հետ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, որ Ավստրիայի իշխանությունները որոշում էին կայացրել կասեցնել AstraZeneca պատվաստանյութի խմբաքանակի օգտագործումը պատվաստում ստանալուց հետո մի կնոջ մահվան և մեկ այլ անձի մոտ թրոմբի զարգացման պատճառով:
Էստոնիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը և Լատվիան հետևել են Ավստրիայի օրինակին: Դեղամիջոցի օգտագործումը դադարեցրել են նաև Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Բուլղարիան, Ռումինիան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը:










