Պակիստանը ժամանակավորապես արգելել է 12 երկրի քաղաքացիների մուտքն իր տարածք

11:45 • 22.03.21

Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը երկիր մուտք գործելու ամբողջական արգելք է սահմանել 12 երկրի քաղաքացիների համար. խոսքն այն երկրների մասին է, որտեղ կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակված անձանց թիվը:

Պակիստան մուտք գործելու արգելք է սահմանվում Բոտսվանայի, Բրազիլիայի, Կոլումբիայի, Կոմորյան կղզիների, Գանայի, Քենիայի, Մոզամբիկի, Պերուի, Ռուանդայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Տանզանիայի և Զամբիայի քաղաքացիների համար: Արգելքը գործելու է մարտի 23-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում:

Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, պակիստանյան գերատեսչությունից հայտնել են, որ սահմանափակումներն ընդունվել են երկրում «Քովիդ-19»-ի տարածումը կանխելու նպատակով:

Եվս 20 երկրից ժամանող ուղևորներ պետք է Պակիստան ուղևորվելուց առաջ կորոնավիրուսի թեստ հանձնեն: Նրանց թվում են Չինաստանի, Ճապոնիայի, Ավստրալիայի քաղաքացիները:

Վերջին 24 ժամում Պակիստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3667 նոր դեպք, ընդհանուր ցուցանիշը կազմում է 626 802: Ընդհանուր առմամբ, երկրում վիրուսից մահացել է 13 843 մարդ, որից 44-ը՝ վերջին մեկ օրում: