Պեկինը ԵՄ-ի նկատմամբ պատասխան պատժամիջոցներ է սահմանել
Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և Կանադան պատժամիջոցներ են սահմանել Չինաստանի պաշտոնյաների նկատմամբ՝ Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանում մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Ի պատասխան ԵՄ պատժամիջոցների, Պեկինը պատժամիջոցներ է սահմանել եվրոպացի օրենսդիրների, դիվանագետների, հաստատությունների նկատմամբ՝ արգելելով նրանց Չինաստանի հետ առևտուր անել։
Արևմտյան կառավարությունները ձգտում են պատասխանատվության ենթարկել Պեկինին՝ Չինաստանի հյուսիս-արևմուտքում մուսուլման ույղուրների զանգվածային ձերբակալությունների համար, որտեղ, ըստ ԱՄՆ-ի, Չինաստանը ցեղասպանություն է իրականացնում, ինչը չինական կողմը հերքել է։
«Միջազգային դատապարտման աճին զուգահեռ Չինաստանը շարունակում է ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություններ իրականացնել Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանում», - այս շաբաթ Բրյուսելում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի նախարարների հետ հանդիպումներից առաջ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Ակտիվիստները և ՄԱԿ-ի իրավունքների փորձագետներն ասում են, որ առնվազն 1 միլիոն մուսուլման է ձերբակալվել Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանի ճամբարներում: Ակտիվիստները և Արևմուտքի որոշ քաղաքական գործիչներ մեղադրում են Չինաստանին ույղուրների խոշտանգումների, հարկադիր աշխատանքի և ստերիլիզացման համար: Չինաստանն ասել է, որ իր ճամբարները մասնագիտական ուսուցում են տրամադրում և անհրաժեշտ են ծայրահեղականության դեմ պայքարի համար:
Բացի վերոնշյալ պետությունները, Չինաստանին նույն հարցով քննադատել են նաև Ավստրալիան և Նոր Զելանդիան։
Աղբյուրը նկատում է, որ ԵՄ-ն մշտապես փորձել է խուսափել Պեկինի հետ առճակատումից և նոր պատժամիջոցները առաջինն են 1989 թվականի Տիանանմեն հրապարակում տեղի ունեցած իրադարձություններից ի վեր:
ԵՄ-ի անդամ բոլոր 27 պետությունների կառավարությունները համաձայնել են պատժիչ սահմանափակումների հետ, սակայն Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն դրանք անվանել է «վնասակար» և «անիմաստ»:










