Արցախից ինձ հեռացնելու պատճառը Նիկոլ Փաշինյանի հանձնարարած այն օպերացիան էր, որով պետք է ամեն գնով վերադարձնեին Ապրիլյան պատերազմում կորսված տարածքները․ Մովսես Հակոբյան
«Իսկանդերի» մասին ինչ ասել եմ, փաստ է։ «Իսկանդերը» չի կարող կիրառվել և չպայթել: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գեներալ-գնդապետ, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:
««Իսկանդերի» կրած վնասների մասին տեղեկություն կարող է տրամադրել միայն հակառակորդը՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք: Նախ այն տարածքը, որտեղ կիրառվել է «Իսկանդերը», հեռու տարածությունից լավ տեսանելի չէ: Երկրորդ՝ կիրառման օրը եղել է ամպամած և տեսանելիության խնդիր ենք ունեցել, ու ամենակարևորը՝ այդ պայթյունի արդյունքում կրած վնասները կարող է հայտնել հակառակորդը։ Հենց դրա համար եմ ես ասել, որ վարչապետին «Իսկանդերի» պայթյունի արդյունքի մասին տեղեկություն կարող է տրամադրել միայն Ադրբեջանը»,-ասաց Մովսես Հակոբյանը:
Նա անդրադարձավ նաև մամուլում տարածված այն տեղեկություններին, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել անպայման վերադարձնել այն տարածքները, որոնք կորսվել են Ապրիլյան պատերազմում:
«Դրա մասին հայտարարել է Սամվել Բաբայանը: Այդ օպերացիայի ժամանակ ես այնտեղ չեմ եղել և իմ վերլուծությունը ցույց է տալիս, որ ինձ Արցախից հանելու պատճառը եղել է հենց այդ օպերացիայի պլանավորումը, որովհետեւ այդպիսի մի քանի օպերացիաներ փորձել են պլանավորել, ես կանխել եմ: Ինձ հանելուց մեկ օր հետո պլանավորել են այդ օպերացիան, և վարչապետը հաստատել է դա: Այս օպերցիայի հետևանքով մենք կորցրել ենք մեր ողջ ռեզերվը, և հարավային դարպասը հնարավորություն չի ունեցել հակառակորդի դեմ կռվելու։ Այդ օպերացիան ևս արժանի է վերլուծության»,-եզրափակեց գեներալ-գնդապետը:










