Ես վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հասարակության շրջանում բացասական կարծիք չեմ լսել, դա ընդդիմության թեզն է և քաղաքական խաղ. Էմմա Պալյան

14:30 • 23.03.21

Իմ քայլը եղել է գիտակցված և չեմ պատրաստվում դուրս գալ իմ քաղաքական թիմից։ Երբ անդամագրվում էի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, հասկանում էի, որ ոչ մի դեպքում այս թիմից դուրս չեմ գալու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավոր Էմմա Պալյանը:

«Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից եմ և բնավ ինչ-որ անուններ չեմ կարող տալ՝ ում նախաձեռնությամբ ես քաղաքական թիմի անդամ դարձա, այդ իսկ պատճառով հայտնվել եմ ցուցակում, երբ 2016 թվականին անդամագրվեցի ՔՊ-ին, ես այդ պահին գիտակցում էի, որ ինչ իրավիճակ էլ լինի, ես երբևէ դուրս չեմ գալու իմ քաղաքական թիմից, քանի որ դա եղել է գիտակցված ընտրություն»,-ասաց Էմմա Պալյանը:

Նա նաև նշեց՝ հասարակության շրջանում բացասական կարծիք չկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Ըստ պատգամավորի՝ բացասական կարծիքները և Փաշինյանին պիտակավորելը ընդդիմության քաղաքական խաղերն են:

«Ես համաձայն չեմ Նիկոլ Փաշինյանին ուղղված գնահատականների հետ, բազմաթիվ  անձանց հետ շփման արդյունքում բացասական կարծիք չեմ լսել վարչապետի մասին: Դա խաղ է,  ընդդիմության կողմից հնչեցված թեզեր են, բայց այսօր Նիկոլ Փաշինյանը հասարակության շրջանում ունի բարձր վարկանիշ»,- նշեց նա:

Էմմա Պալյանը նաև մեկնաբանեց վերջին շրջանում լրագրողների և պաշտոնյանի միջև ստեղծված իրավիճակը և նշեց՝ առաջին օրն է պատգամավոր և չի պատրաստվում գնահատական տալ իր գործընկերներին:

«Ես դեմ եմ բռնությանը և սադրանքին»,- ասաց Էմմա Պալյանը: