Սպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալների երեխաների համար նոր կենտրոններ բացելու մասին

10:28 • 23.03.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Մեքսիկայի հետ սահմանին առաջացած ճգնաժամի ֆոնին մտադիր է անօրինական ներգաղթյալների երեխաների համար նոր կենտրոններ բացել: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գրում է Reuters-ը։

«Մենք հայտարարել ենք նոր կենտրոնների բացման մասին, առաջիկա օրերին և շաբաթներին  կհայտարարենք դրանց թվի ավելացման մասին»,- նշել է նա:

Փսակիի հաղորդմամբ՝ խոսքն այն վայրերի մասին է, որտեղ երեխաները հնարավորություն կունենան բուժօգնություն ստանալ:

Օրերս Բայդենը ներգաղթյալներին կոչ էր արել ապօրինի մուտք չգործել ԱՄՆ, այդ թվում՝ Մեքսիկայի տարածքից:

Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ անօրինական ներգաղթյալների թվի աճը, մասնավորապես, նկատվել է 2019 և 2020 թվականներին: Բայդենը չէր համաձայնել այն պնդումների հետ, թե տեղի ունեցածն անօրինական ներգաղթյալների հանդեպ իր «չափազանց մեղմ մոտեցման հետևանքն է»:

ԱՄՆ նախագահն իրենց երկրները լքել և ապօրինաբար ԱՄՆ-ի սահմանը հատել պատրաստվող ներգաղթյալներին կոչ էր արել «մնալ իրենց երկրներում»։

Այս շաբաթ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի վերջին երկու տասնամյակների ընթացքում Կենտրոնական Ամերիկայի պետություններից ռեկորդային թվով անօրինական ներգաղթյալների ժամանմանը։