ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է համավարակի ֆոնին ասիացիների նկատմամբ խտրականությունը և հարձակումները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել կորոնավիրուսի համավարակի ֆոնին ասիացիների նկատմամբ խտրականության և հարձակումների կապակցությամբ: Այդ մասին ասված է նրա հաղորդագրության մեջ:
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է COVID-19 համավարակի ֆոնին ասիացիների և ասիական ծագում ունեցող մարդկանց դեմ բռնությունների աճով»,- նշվում է հայտարարության մեջ:
Գուտերեշը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել «մահացու հարձակումների, բանավոր և ֆիզիկական բռնության, դպրոցներում հալածանքների, աշխատավայրում խտրականության, ԶԼՄ-ներում և սոցցանցերում ատելության, իշխանության ղեկին գտնվող մարդկանց սադրիչ հայտարարությունների» վրա:
«Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած հազարավոր միջադեպերը հիմք հանդիսացան անհանդուրժողականության, կարծրատիպավորման, շահագործման և բռնության համար»,- հավելել է Գուտերեշը:
Օրերս ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի տարբեր շրջաններում մերսման սրահների վրա հարձակումներ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 8 մարդ։ Մերսման բոլոր սրահներում աշխատակիցների մեծ մասն ասիացիներ են եղել։
Դժբախտ պատահարի կապակցությամբ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել էր, որ «ոչ մի կասկած չկա», որ երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «ավերիչ հռետորաբանությունը հանգեցրել է ասիական ծագում ունեցող ամերիկացիների նկատմամբ աճող սպառնալիքներին»։
«Կարծում եմ՝ կասկած չկա, որ նախորդ վարչակազմի ժամանակ մենք տեսել ենք կործանարար հռետորաբանություն, օրինակ՝ COVID-ն անվանում էին «չինական վիրուս» և այլն․ ադ ամենը հանգեցրել է ասիական ծագում ունեցող ամերիկացիների նկատմամբ սխալ, անարդար վերաբերմունքին, ինչպես նաև մեծացել են նրանց նկատմամբ սպառնալիքները»,- ասել էր Փսակին։










