Կոլորադոյում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքի սուպերմարկետի տարածքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, հայտնել է տեղի ոստիկանության ղեկավար Մարիս Հերոլդը: Նրա հայտարարությունը հրապարակվել է Twitter-ում։
«Մենք ցավակցում ենք տուժած ընտանիքներին․ պատահարի հետևանքով 10 մարդ է զոհվել»,- հայտարարել է Հերոլդը։
Ոստիկանությունում նաև հավելել են, որ ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է: Ըստ հաղորդման՝ նրա գործողությունների շարժառիթը դեռևս հայտնի չէ։
Ավելի վաղ իրավապահ մարմինների ներկայացուցիչ Քերի Յամագուչին հայտարարել էր, որ ոստիկանությունը միջադեպի հետ կապված հետագա սպառնալիքներ չի տեսնում:
Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին տեղեկացրել են կատարվածի մասին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքում անհայտ անձը կրակ էր բացել սուպերմարկետի ուղղությամբ։ Նա նաև կրակել էր դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողների ուղղությամբ:
Բոուլդերի ոստիկանությունը խնդրել էր տեղի բնակիչներին չայցելել այն շրջան, որտեղ գրանցվել է միջադեպը:




















