Ռուսական ռազմանավերը ոչնչացրել են պայմանական հակառակորդին Սև ծովում, որտեղ ընթանում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

19:53 • 23.03.21

Երկու ռուսական ռազմանավեր փորձարկել են ծովային հակառակորդին Սև ծովում ոչնչացնելու գործողությունները, որտեղ ներկա պահին ընթանում են ՆԱՏՕ-ի խոշորամասշտաբ զորավարժություններ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Սևծովյան նավատորմի տեղեկատվական ապահովման բաժնից:

«Սևծովյան նավերի «Ծովակալ Մակարով» և «Ծովակալ Էսսեն» ռազմանավերի անձնակազմերը ուսումնավարժանքներ են իրականացրել՝ ուղղված պայմանական հակառակորդի նավերի ոչնչացմանը Սև ծովի մարտական զորավարժարաններից մեկի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ուսումնավարժանքի ծրագրի՝ հետախուզության առափնյա միջոցները չճանաչված անօդաչու են հայտնաբերել, հետևելով դրան՝ զինվորականները պարզել են, որ անօդաչուն նստել է պայմանական հակառակորդի նավի ուղղաթիռային տախտակամածին: Այնուհետև նավատորմի հրամանատարությունը երկու ռազմանավերին առաջադրանք է տվել ուղևորվել գործողությունների իրականացման գոտի և կախել անօդաչուների նոր թռիչքները: Ռազմանավերի մարտական հաշվարկները պայմանական մարտի են բռնվել և հակաօդային պաշտպանության միջոցներով հետ են մղել հրթիռային հարձակումը՝ ռադիոէլեկտրոնային պայքարի ակտիվ և պասիվ միջոցներ կիրառելով:

Ներկա պահին Սև ծովում Ռումինիայի ղեկավարությամբ անցկացվում են Sea Shield 21 զորավարժությունները, որոնց մասնակցում են Բուլղարիայի, Հունաստանի, Իսպանիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Ռումինիայի, Թուրքիայի և ԱՄՆ-ի նավերը: