Ժիրինովսկին աղմկահարույց հարցազրույցից հետո պահանջել է եթերից հեռացնել Քսենիա Սոբչակին
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի՝ «սկոպինյան մոլագար» Վիկտոր Մոխովի հետ հարցազրույցից հետո պահանջել է եթերից հեռացնել նրան, գրում է lenta.ru-ն:
Քաղաքական գործչի խոսքով, անհրաժեշտ է նաև օրինականորեն արգելել բռնության կամ սպանության հոդվածներով դատապարտված անձանց հետ հարցազրույցը:
«Եկեք նախագիծ մշակենք, որով կարգելվի հարցազրույց վերցնել այն անձանցից, որոնք պատիժ են կրել անձի նկատմամբ բռնության կիրառելու կամ մարդասպանության մեղադրանքով», - ասել է Ժիրինովսկին:
Ավելի վաղ Սոբչակն իր YouTube-յան ալիքում հրապարակել էր «սկոպինյան մոլագար»-ի մասին վավերագրական ֆիլմ, որում նա հարցազրույց էր վերցրել Մոխովից: Մասնավորապես, հեռուստահաղորդավարուհին հարցրել էր իր զրուցակցին, թե արդյոք հաճույք է ստանում իր անձի հանդեպ լրագրողների մեծ ուշադրությունից:
«Հաճելի է», - պատասխանել է «սկոպինյան մոլագար»-ը և հավելել՝ բանտում շատերն իրեն ճանաչել են հեռուստացույցից:
Ավելի ուշ լրագրողը մանրամասնել էր, որ այդ նյութի վերաբերյալ մեծ թվով բացասական մեկնաբանություններ է ակնկալում:
«Նախանձ մարդկանց և թշնամիների համար սա պարզապես ինձ քննադատելու առիթ է»,- ասել է Սոբչակն ու տեսակետ հայտնել, ըստ որի՝ լրագրողներն իրավունք ունեն ուսումնասիրել բարու ու չարի սահմանները:
Վիկտոր Մոխովը մոտ 17 տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվել մարտի 3-ին: 2000 թ.-ին նա 14-ամյա Եկատերինա Մարտինովային և 17-ամյա Ելենա Սամոխինային առաջարկել էր իր մեքենայով տուն հասցնել, բայց նրանց տարել էր քաղաքից դուրս և 3,5 տարի բանտարկել ավտոտնակի տակ գտնվող ինքնաշեն նկուղում: Մոլագարը սեռական ստրուկներ էր դարձրել դպրոցական աղջիկներին: 17-ամյա աղջիկը 3 անգամ հղիացել է տղամարդուց:
Նշենք՝ Ռուսաստանի Ռյազանի մարզի Սկոպինի քաղաքային դատարանը 2005 թվականի օգոստոսի 30-ին դատապարտել էլ Մոխովին՝ 16 տարի 10 ամիս ազատազրկման։ 2021 թվականի մարտի 3-ին Մոխովը պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել։ Մոխովը 6 տարի իրավունք չունի մասնակցել զանգվածային միջոցառումների, գիշերները զբոսնել, ինչպես նաև առանց թույլտվության լքել Սկոպինի շրջանը: Բացի այդ, նա ամիսը երկու անգամ պետք է ներկայանա ոստիկանություն։










