Արցախի անկախության ճանաչումը պետք է լինի միակ օրակարգը, պետք է տեր կանգնել այն ամենին, ինչ մնացել է Արցախից․ Անժելա Էլիբեգովա (տեսանյութ)
Այսօրվա դրությամբ Ադրբեջանի և Հայաստանի գործող իշխանությունները նույն քարոզչությունն են իրականացնում և շարժվում են նույն օրակարգով: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
«Ադրբեջանական քարոզչությունը և մեր քարոզչությունը նույն թեզերով են առաջնորդվում Արցախյան հարցի կարգավորման և հանգուցալուծման վերաբերյալ: Մասնավորապես՝ Արցախյան հարցը փակ է, եկեք շարունակենք ապրել, բայց փաստացի մեզ համար այդ հարցը փակված չէ, փորձել մոռացության տալ այդ ամենը և հասարակության գիտակցությունից ջնջել դա ու ապրել հետագա Ադրբեջանի հետ նոր մակարդակում, մենք դրան պատրաստ չենք»,- ասաց նա:
Անժելա Էլիբեգովան նշեց՝ այսօրվա դրությամբ մեր օրակարգում պետք է լինի միմիայն Արցախի անկախության ճանաչման հարցը:
«Արցախի ճանաչման և անկախության հարցը մեզ համար պետք է լինի առաջնահերթություն, ամբողջ պետական, դիվանագիտական ռեսուրսը պետք է ուղղվի Արցախի անկախության ճանաչմանը և հիմա թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի իշխանությունները փորձում են այս հարցը փակել, բայց մեզ համար այս հարցը չպետք է փակվի: Եթե մենք այսպես շարունակենք հողերը հանձնելով առաջ գնալ՝ դա բերելու է մեր ֆիզիկական ոչնչացմանը»,- ասաց Անժելա Էլիբեգովան:
Ադրբեջանագետը նշեց, որ ադրբեջանցիները դիմելու են սադրանքների, որպեսզի կարողանան հայաթափել այն տարածքները, որոնք չեն կարողացել գրավել: «Ադրբեջանական կողմը լուրջ սադրանքներ է անելու առաջնագծում և անընդհատ վախի և սպառնալիքի մթնոլորտում է պահելու բնակչությանը, որպեսզի հայաթափի այն տարածքները, որոնք չկարողացավ ստանալ»,- ասաց ադրբեջանագետը:
Նա նաև մեկնաբանեց Ադրբեջանի և Հայաստանի միջև ակնկալվող առևտրային հարաբերությունները: «Կարող է օրերից մի օր, մենք ունենանք պատկեր, որ օգտվենք Ադրբեջանի նավթից, և այդ գումարով ֆինանսավորվելու է ադրբեջանական բանակը, մենք գնելու ենք բենզինը և գազը այդ գումարով գնվելու են փամփուշտներ, որոնք կրակելու են մեզ վրա»,- մեկնաբանեց նա:
Անժելա Էլիբեգովան նաև անդրադարձավ Արցախի պաշտպանության նախարարության կողմից երեկ հրապարակված զոհերի ցուցակներին: «Երեկվա ընթացքում 192 զոհի անուն հրապարակվեց, բայց այդ ամենը անցավ, տեղեկատվական հոսքի կողքով, և մարդիկ, որոնք լրահոսին ուշադիր չեն, նույնիսկ չնկատեցին, իսկ դա արվում է միտումնավոր՝ թաքցնել, հետո ուշացած ինչ-որ բան պատմել, ամեն ինչը մանիպուլյացիա է»,- ասաց Էլիբեգովան:
Նա նաև մեկնաբանեց եղբայրական գերեզմանի կարգավիճակը՝ նշելով, թե շատ հավանական է, որ մեր տղաների կողքին թաղվեն ադրբեջանցիներ:
«Բոլոր այն զինվորներին, ում մարմինները չեն ինդենտիֆիկացվել, պետք է հուղարկավորվեն եղբայրական գերեզմանում, բայց գուցե այնտեղ հայկական համազգեստով ադրբեջանցիների մասունքներ լինեն, որոնք սխալմամբ բերվել են այստեղ, այսինքն՝ ադբեջանցիներին եղբայրական գերեզմանում մեր տղաների կողքին են թաղելու»,- ասաց նա:










