ՍԴ-ում ՔՕ 300.1 հոդվածի քննության ընթացակարգի վերաբերյալ ձայները բաշխվեցին հավասարաչափ. գործի դատաքննությունը շարունակվում է գրավոր ընթացակարգով (տեսանյութ)
Սահմանադրական դատարանն այսօր քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի`Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:
Սահմանադրական դատարանը չբավարարեց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի միջնորդությունը՝ Ռ. Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանդրականության հարցը բանավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ, որոշվեց այն քննարկել գրավոր ընթացակարգով։
Միջնորդության վերաբերյալ ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը հայտնեց՝ կողմ է նիստը բանավոր ընթացակարգով անցկացնելուն, դատավոր Արաիկ Թունյանը, Արևիկ Պետրոսյանը, Հրայր Թովմասյանը ևս կողմ էին նիստը բանավոր ընթացակարգով անցկացնելուն, Էդգար Շաթիրյանը, ՍԴ անխագահ Արման Դիլանյանը, Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը դեմ էին նիստը բանավոր ընթացակաչգով անցկացնելուն:
Ստացվեց այնպես, որ ՍԴ նոր դատավորները դեմ էին բաց նիստում ՀՀ ՔՕ 300.1՝ սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությանը հարցը բանավոր քննելուն:
Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանին, ապա նա չէր մասնակցում նիստին ու չի մասնակցելու, որովհետև ՍԴ-ն նրա վերաբերյալ սույն գործով կայացրել է մասնակցության անհնարինության վերաբերյալ որոշում:
Քվեարկությունից հետո Արման Դիլանյանն արձանագրեց, որ ձայները բաշխվել են հավասարաչափ՝ չորս-չորս, որոշում չկայացվեց, միջնորդությունը չբավարարվեց. «Գործի դատաքննությունը շարունակվում է գրավոր ընթացակարգով, ինձ միայն մնում է արձանագրել, որ դատաքննությունը համարվում է ավարտված, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ գործով ըստ էության որոշում կայացնելու համար: Նիստը համարվում է փակված»:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել կասեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները և կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին։ Նշված երկու կառույցներից արդեն պատասխան ստացվել է:










