Ընտրական օրենսգրքի մասով իշխանության հետ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բայց ենթադրվել է, որ գործող խաղի կանոններով ենք առաջ գնում. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)
Ինչպես հասկացա ԱԱԾ-ից ստացված նամակից, նոյեմբերի 9-ին և 10-ին ԱԺ քաղաքացիների մուտք գործելու հետ կապված գործի ուսումնասիրության շրջանակում ինձ հրավիրել էին որպես վկա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու էր հրավիրվել ԱԱԾ:
«Դեռ օրն էլ հստակ չի, թե երբ են կանչել, քննիչի հետ կապի մեջ եմ, քառօրյայից հետո կպայմանավորվեմ, կգնամ»,-ասաց Գորգիսյանը:
Անդրադառնալով հարցին, թե Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ քննարկումներ են գնում Ընտրական օրենսգրքի փոփոխության հետ կապված, և ԼՀԿ-ն վրջին օրերին կարծես թե դեմ է արտահայտվում, ինչ քննարկումներ են ընթանում այս հարցի շուրջ իշխող ֆրակցիայի հետ, և արդյոք հնարավոր է, որ այդ քննարկման ավարտին համաձայնության գան, Գորգիսյանը պատասխանեց, որ այս պահին անընդունելի է Ընտրական օրենսգիրքը փոխելը:
«Անընդունելի է, քանի որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հունիսի 20-ին արվելու են ընտրություններ, դրանից հետո որևէ խաղի կանոն փոխելը նշանակում է պայմանավորվածությունը խախտել: Մեր ֆրակցիայում կան մարդիկ, որոնք շատ կտրական են տրամադրված, և սա կարող է բերել մեր կողմից պայմանավորվածության խախտման: Ինչ է նշանակում, որ եթե վարչապետը պիտի հրաժարական տա, և ԱԺ-ն չընտրի վարչապետ, ապա այստեղ անպայման պետք է ընդդիմության համաձայնությունը, բայց այ, եթե ուզում են Ընտրական օրենսգիրք փոխել, դե ընդդիմությունը ոչինչ, մենք կբերենք կփոխենք: Է, թող ինքն իրենով հրաժարական տար, գնար»,- ասաց Գորգիսյանը:
Պատգամավորն ասաց նաև, որ Ընտրական օրենսգրքի մասով ոչ մի պայմանավորվածություն իրենց հետ ձեռք չի բերվել, բայց ենթադրվել է, որ գործող խաղի կանոններով ենք գնում առաջ:
«Այլ բան չի կարող լինել այս կարճ ժամանակահատվածում: 2 տարի ժամանակ կար Ընտրական օրենսգիրքը փոխելու համար: 2019-ի գարնանը ստեղծվել է հանձնաժողով, որտեղ ներգրավված էի ես, բազմաթիվ առաջարկներ ենք ներկայացրել, մի մասն ընդունվել է, մյուս մասը՝ չէ, բայց հիմա Ընտրական օրենսգիրք փոխելը հղի է լրջագույն վտանգներով: Առաջին հերթին դա հարցականի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը: Ցանկացած կուսակցություն, եթե հաջողության չհասնի ընտրություններով, կարող է պատճառ ներկայացնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, և դա պրոցեսը տոտալ կդելեգիտիմացնի»,- ասաց Գորգիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։










