ԳՇ-ի հետ կապված իրավիճակն աննախադեպ իրավական խայտառակության, հակասահմանադրականության, հակաիրավականության մի փունջ է. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
ԳՇ-ի հետ կապված իրավիճակն աննախադեպ իրավական խայտառակության, հակասահմանադրականության, հակաիրավականության մի փունջ է , սակայն մենք միայն իրավական խնդրի հետ գործ չունենք, այլ նաև գործ ունենք այս երկրում արդեն տևական շրջան շարունակվող արժանապատվության և ինքնասիրության ճգնաժամի հետ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ, ԵՊՀ դոցենտ Արփինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ իշխանության կողմից խայտառակություն է, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հետ կապված իրավիճակում չկատարեց դատարանի որոշումը: «Փաստացի, սրա համար կա նախատեսված քրեական հոդված, և մենք տեսանք՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը չէր հերքել, որ իրեն այցելել են ԱԱԾ-ից և վստահ եմ, որ ԱԱԾ-ն կխուսափի պարզաբանելուց, որ եկել էին դատավորի հետ զրույց տանելու, որպեսզի նա կայացնի իշխանահաճո որոշում»:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կարևոր կառույցները հայտարարություն չեն տարածում այս ուղղությամբ, և համապատասխան անձիք ու մարմինները դիրքորոշում չեն հայտնում: Ո՞ւր է հարուցված քրեական գործը, որ ԱԱԾ-ի ներկայացուցիչներին կանչեն, ըստ էության, փաստացի հարցնեն՝ հարգելի ԱԱԾ, գոնե լեգենդ պատմիր, գործ, չէ՞, պիտի հարուցվի, ցուցմունք տաք, թե ինչու եք գնացել, դատավորի ընդունարանում նստել: Ո՞ւր է ԲԴԽ հայտարարությունը, ինչու են բոլորը վախվորած կեցվածքի մեջ: Այսպիսի կեցվածքի դեպքում տրամաբանական է, որ այդ գեներալիտետի գերագույն գլխավոր հրամանատարը պետք է լիներ հենց Նիկոլ Փաշինյանը: Ինչու եմ ասում՝ ինքնասիրության ճգնաժամ, որովհետև ի՞նչ տրամաբանությամբ Արտակ Դավթյանը ստանձնեց ԳՇ պետի պաշտոնն այն դեպքից հետո, երբ նրան խայտառակ ձևով աշխատանքից հանեցին»:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ստեղծված իրավիճակում պետք է նաև նկատել զինվորականության թերացումները: «Հիմա, արդեն պետք է ասել, որ Նիկոլ Փաշինյանը նրանց գերագույն գլխավոր հրամանատարն է, արժեհամակարգով նրանք իրար արդեն արժանի են, որովհետև երբ դու պատերազմի չորրորդ օրը զեկուցում ես, որ Հայաստանի զավակները կոտորվում են, պարտվում ենք շատ վատ ձևով, ու չորրորդ օրվանից հետո դեռ 40 օր շարունակվում է ցեղասպան պատերազմը, ապա պետք է մտածեիր, որ մենք այստեղ հրճվում էինք հերթական սուտ հաղթանակի կապակցությամբ, մենք ուրախանում էինք, երբ ասում էին՝ հաղթելու ենք, բայց այնտեղ իրականում ցեղասպան կոտորած էր: Այս 40 օրվա համար պատասխանատվություն ունեցող զինվորականությունն ինչի՞ համար է լռել»:
Հովհաննիսյանը, խոսելով արտահերթ ընտրությունների մասին, նշեց, որ այս պարագայում ևս պետք է սպասել Նիկոլ Փաշինյանին հատուկ ձեռագրին ականատես լինելուն՝ օրենքների փոփոխում, արտակարգ և ռազմական դրություններ հանել, հետո կրկին մտցնել:
Մանրամասները՝ տեսանյութում։










