Վարչապետի թեկնածուի մասով քննարկում չենք ունեցել, բայց կարող եմ վստահաբար ասել, որ Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու ԲՀԿ ցուցակը. Իվետա Տոնոյան (տեսանյութ)
Ընտրական օրենսգիրքը վերջին լրամշակված տարբերակով ներկայացնելուց հետո, մենք այս հարցի հետ կապված քաղաքական քննարկում դեռևս չենք ունեցել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ընտրական օրենսգրքի փոփոխության հարցին:
Նրա խոսքով՝ այս պահին իրենք որևէ բովանդակային քննարկման դաշտ այս իշխանության հետ չեն մտնելու:
«Այսինքն՝ մեզ համար, սկզբունքորեն միևնույն է, թե որ Ընտրական օրենսգրքով կգնանք այս ընտրություններին՝ հի՞ն, թե նոր: Կարևորն այն է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների կամ լրամշակումների պատրվակով, օրինակ, ընտրությունների օրը չտեղափոխվի, կամ քաղաքական այլ գործընթացները չփորձեն հարմարեցնել Ընտրական օրենսգրքի «բարեփոխումների» հետ»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Պատգամավորի խոսքով՝ իրենց համար, ցանկացած ընտրական օրենսգրքով ընտրություններին մասնակցելու հանգամանքը նախընտրելի է այն առումով, որ իրենք՝ որպես կայացած քաղաքական ուժ, որևէ խնդիր չեն տեսնում այս հարցում։
«Մենք ասել են, որ այս պահին երկրում հասունացած է քաղաքական ճգնաժամ և դրա հանգուցալուծման ամենակարճ և սահմանադրական, քաղաքական ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որոնք անցկացնելու առումով մենք հնարավորություն ենք տվել իշխանություններին, և բնականաբար այս գործընթացում յուրաքանչյուր օր հապաղումը իր հետևից բերում է բազմաթիվ հետևանքներ՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Դիտարկմանը, թե ով է լինելու ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն, ով է գլխավորելու ցուցակը, Իվետա Տոնոյանն ասաց, որ քննարկում չեն ունեցել, բայց վստահեցրեց, որ Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու ԲՀԿ ցուցակը:
«Դա իմ անձնական կարծիքն է, որը, կարծում եմ, մեր թիմակիցները կկիսեն»,-ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։










