Զոհվածների կամ գերեվարվածների ընտանիքները չեն մեղադրում Նիկոլ Փաշինյանին, նրանք հասկանում են, որ նախկիններն են մեղավոր. Էմմա Պալյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ունի բարձր վարկանիշ, և հասարակությունը չի մեղադրում նրան կատարվածի համար, ժողովուրդը հասկանում է, որ նախկիններն են մեղավոր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավոր Էմմա Պալյանը:
«Գերեվարվածների, նույնիսկ զոհվածների ընտանիքների անդամները չեն մեղադրում Նիկոլ Փաշինյանին, որովհետև հասկանում են՝ ինչ է կատարվել իրականում, այսինքն՝ դա եղել է նախկինների թալանի արդյունքում, քանի որ նրանց պատճառով մենք չունեինք զինված բանակ»,- ասաց Էմմա Պալյանը:
Պատգամավորը նաև անդրադարձ կատարեց արտահերթ ընտրություններին և նշեց՝ Փաշինյանի այցը Արագածոտնի մարզ ևս մեկ անգամ ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանին գրկաբաց սպասում են: Պատգամավորի հավաստմամբ՝ այսօր սահմաններին խաղաղ է, և դա գործող իշխանության աշխատանքի շնորհիվ է:
«Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում էր մի քանի օր առաջ, և դպրոցականներից բացի՝ այնտեղ կային շատ հասուն մարդիկ, որոնք գրկաբաց ընդունեցին մեր թիմին։ Հունիսի 20-ին նշանակված ընտրություններն ամեն բան գցելու են իրենց տեղը, և վստահ եմ «Իմ քայլի» հաղթանակի վրա»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով մարտի 1-ի հանրահավաքին վարչական ռեսուրս կիրառելու վերաբերյալ հարցին՝ պատգամավորն ասաց, որ գործող իշխանությունը չի կիրառել վարչական ռեսուրս, այլ պարզապես օգնել է մարդկանց գալ հանրահավաքի:
«Այս իշխանության կողմից երբևէ վարչական ռեսուրս չի կիրառվել և չի կիրառվելու, վարչական ռեսուրս կիրառել են նախկինները: Մարդկանց օգնելը վարչական ռեսուրսի օգտոգործո՞ւմ է: Մարդիկ եկել են մեր գրասենյակներ և ասել՝ միջոցներ չունենք, որ հասնենք հանրահավաքին, մենք օգնել ենք նրանց գալ Երևան»,- ասաց նա:










