Մեր տվյալներով`280 հոգի կարող է խնդիրներ ունենալ աշխատանքի հետ կապված, սակայն այս պահին այդ թիվը կարելի է չհնչեցնել, որովհետև նրանք աշխատանքից չեն ազատվել. փոխնախարարը՝ Սոթքի աշխատակիցների մասին

17:27 • 23.03.21

Այսօր Ազգային ժողովում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանին հարց ուղղեց՝ կապված Սոթքի հանքի շահագործման, կրճատված աշխատակիցների ճակատագրի վերաբերյալ: Պատգամավորը նկատեց՝ մոտ 300 աշխատակից աշխատանքից զրկվել է:

Փոխնախարարը պատասխանեց, որ նախարարությունը ռուսական ընկերության հետ աշխատանքներ է իրականացվում՝ Սոթքի հանքավայրի շարունակական շահագործումն ապահովելու համար: «Առաջին իսկ օրից ընկերության հետ՝ ռուսական կողմի հետ, մենք աշխատում ենք որպես լիազոր մարմին: Այս պահին ամեն ինչ արվել է և շարունակում է արվել՝ ամենշաբաթյա հանդիպումների և քննարկումների ինտենսիվությամբ: Այդ քննարկումներն իրականացվում են, աշխատանքները կազմակերպվում են, որ հանքի շահագործումը չդադարի, հանքավայրը շահագործվի ոչ միայն այս 1-2 ամսվա ընթացքում, այլ նաև հեռանկարում՝ առաջիկա տարիներին ևս, և դա իրականացվի մեր օրենսդրության տառին համահունչ»,-ասաց փոխնախարարն ու վստահեցրեց, որ աշխատանքներն արվում են:

Ինչ վերաբերում է 300 հոգու՝ աշխատանքից զրկվելուն, փոխնախարարն ասաց, որ իրենց տվյալներով հնարավոր է, որ 280 հոգի որոշակի խնդիրներ ունենան աշխատանքի հետ կապված: «Սակայն այս պահին դեռևս այդ թիվը կարելի է չհնչեցնել, որովհետև նրանք չեն ազատվել»,-ասաց Շուշանյանն ու վստահեցրեց, որ ընկերության հետ աշխատանքները շարունակվում են հիմնական անձնակազմը պահելու համար: