Սաուդյան Արաբիան Եմենում պատերազմը դադարեցնելու նոր ծրագիր է առաջարկել. ՄԱԿ-ը ողջունել է այդ առաջարկը
ՄԱԿ-ը ողջունում է Սաուդյան Արաբիայի`մի շարք միջոցառումներ ձեռնարկելու մտադրությունը, որոնք կօգնեն վերջ դնել Եմենի հակամարտությանը: Այս մասին երկուշաբթի օրը Նյու Յորքում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքը, գրում է news.un.org կայքը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, երկուշաբթի Սաուդյան Արաբիայի իշխանությունները առաջարկել են Եմենում պատերազմը դադարեցնելու նոր ծրագիր, որը, մասնավորապես, ենթադրում է համապետական զինադադարի հաստատում և Սանաայի օդանավակայանի վերաբացում:
«Մենք նաև ողջունում ենք Սաուդյան Արաբիայի աջակցությունը ՄԱԿ-ի ջանքերին: Հատուկ բանագնաց (Եմենի հարցերով) Մարտին Գրիֆիթսն աշխատել է ամբողջ երկրի մասշտաբով զինադադարի ապահովման, քաղաքացիական ուղևորափոխադրումների համար Սանաայի օդանավակայանի վերաբացման, Խոդեյդա նավահանգիստ լրացուցիչ վառելիքներ և ապրանքներ հասցնելու և հակամարտության դադարեցմանը ուղղված քաղաքական ընթացակարգի վերսկսման ուղղությամբ»,-ասել է Հաքը:
«Կասկած չկա, որ պետք է ամեն ինչ արվի Եմենում հակամարտությունը դադարեցնելու և Եմենի ժողովրդի տառապանքները մեղմելու համար, և ՄԱԿ-ը կշարունակի աշխատել կողմերի հետ այդ նպատակին հասնելու համար»,-ավելացրել է նա:
Ֆրահան Հաքը նաև տեղեկացրել է, որ անցած հանգստյան օրերին Եմենի հարցերով ՄԱԿ-ի մարդասիրական համակարգող Դեյվիդ Գրեսլին այցելել է Մարիբ նահանգ, որտեղ ռազմական գործողությունները վերսկսվել են, և կատաղի մարտեր են ընթանում: Համակարգողի խնդիրն էր գնահատել Մարիբի հումանիտար իրավիճակը և հասկանալ, թե բնակչության համար ինչ տեսակի օգնություն է անհրաժեշտ:










