Իսրայելցի զբոսաշրջիկները համավարակի ֆոնին կկարողանան «կանաչ անձնագրեր»-ով մուտք գործել Հունաստան
Երկուշաբթի երեկոյան կայացած գործարքից հետո Հունաստանը իսրայելցի զբոսաշրջիկներին թույլատրել է երեքշաբթի օրվանից մուտք գործել երկիր, հայտնում է Greek City Times-ը:
Հունաստանի զբոսաշրջության նախարար Հարի Թեոհարիսն Իսրայելի դեսպան Յոսի Ամրանիին տեղեկացրել է, որ մինչև մայիսի 14-ին զբոսաշրջության սեզոնի բացումը, Green Pass հավաստագրի շնորհիվ ամեն շաբաթ իսրայելցի 10 հազար զբոսաշրջիկի կթույլատրվի մուտք գործել Հունաստան։
Green Pass հավաստագիրը տեղեկություն է պարունակում այն մասին, որ անձը կամ պատվաստվել է կորոնավիրուսային վարակի դեմ կամ հիվանդացել և ձեռք է բերել հակամարմիններ։ Փաստաթուղթը զբոսաշրջիկներին թույլ է տալիս Հունաստան մուտք գործել առանց կորոնավիրուսային թեստի բացասական արդյունքը հավաստող թղթի կամ կարանտին անցնելու նախապայմանի։
Թերթը նշել է, որ Իսրայելն աշխարհում առաջին տեղում է կորոնավիրուսի դեմ պատվաստումների թվով։










