Մենք լրացուցիչ թթվածին ենք տվել ՓՄՁ-ներին․ դրանք անհամեմատ ավելի լավ վիճակում են, քան մեծ ընկերությունները, որոնք գերվարկավորված են․ Վահան Քերոբյան (տեսանյութ)

17:34 • 24.03.21

Փոքր և միջին ձեռնարկություններն այժմ Հայաստանում գեներացնում են ՀՆԱ-ի ավելի քիչ, քան 30 տոկոսը, և այդ վիճակագրությունը մեզ, իհարկե, չի բավարարում, և մենք պլանավորում ենք կտրուկ աճեցնել փոքր և միջին ձեռնարկությունների ներառականությունն ու մասնակցությունը ՀՆԱ չափաբաժնում։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին։

Պատգամավորը նշեց՝ տնտեսական ճգնաժամը շատ խորն է, և ամենատուժած ոլորտներից է փոքր և միջին բիզնեսը։ Նա ներկայացրեց մի ուսումնասիրություն, համաձայն որի՝ 2020-ի հուլիսին հարցված ՓՄՁ-ների շուրջ 95 տոկոսը հայտնել է, որ եկամտի կորուստ է ունեցել, և 2020-ի առաջին և երկրորդ եռամսյակների արդյունքում, 2019-ի առաջին և երկրորդ եռամսյակների համեմատ, ունեցել է 51-70 տոկոս եկամտի անկում։

«Ինչպիսի՞ թիրախային քաղաքականություն է իրականացվում այս ոլորտում, և ինչպիսի՞ աջակցություն կարող են ակնկալել ՓՄՁ-ներն առաջիկայում»,- հարցրեց Խաչատրյանը։

Վահան Քերոբյանն արձագանքեց, որ նախորդ 3-4 ամիսների ընթացքում բավական մեծ աշխատանք է կատարվել ՓՄՁ-ների խնդիրները լուծելու համար, կայացել են խորհրդի նիստեր։ «Ինքս ամենօրյա կապի մեջ եմ ՓՄՁ խորհրդի անդամների հետ և փորձում եմ լուծել իրենց թե՛ համակարգային, թե՛ ընթացիկ հարցերը»,- նշեց նախարարը։

Նա հիշեցրեց, որ Կառավարությունն իրականացնում է հակաճգնաժամային ծրագրեր, որոնք ուղղված են ՓՄՁ-ներին ֆինանսական միջոցներ տրամադրելուն։

«Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ էական փոփոխություն արվեց աջակցության 3-րդ ծրագրում, որով մենք լրացուցիչ թթվածին տվեցինք ՓՄՁ-ներին։ Աջակցության 19-րդ ծրագիրն արագորեն ընթանում է, և նոր պրոյեկտներին զուգընթաց՝ պլանավորում ենք աճեցնել ՓՄՁ-ներին տրվող մեկնարկային կապիտալը»,- ասաց նա՝ նշելով, թե անում են ամեն ինչ, որ ոլորտը ոչ միայն գոյատևի, այլև զարգանա։

Նախարարը նշեց, թե հանդիպել են նաև ԿԲ խորհրդի նախագահի ու թիմի հետ․ «ԿԲ գործընկերները հայտնեցին, որ իրականում ՓՄՁ-ներն անհամեմատ ավելի լավ վիճակում են գտնվում, քան մեծ ընկերությունները, որոնք գերվարկավորված են և խնդիրներն ավելի դժվարությամբ են տանում»,-ասաց նա։

Պատգամավորն արձագանքեց՝ խորհրդի նիստեր անելը շատ լավ է, բայց ՓՄՁ-ներն ակնկալում են շոշափելի և կոնկրետ հակաճգնաժամային աջակցություն։

Մանրամասները՝ տեսանյութում։