ՀՀ-ում չկա ու չի կարող լինել իշխանություն, որը լրագրողի է ծեծում կամ բռնություն է գործադրում. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Շատ բարձր մակարդակով քննադատվել է, ես նույնպես այդ մասին խոսել եմ և հիմա էլ եմ ասում, որ բռնությունը՝ մասնավորապես լրագրողների նկատմամբ, անընդունելի է:
Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կողմից լրագրողի վրա հարձակման դեպքին:
«Իսկ այն փորձը, որն արվում է՝ ներկայացնելու, զուգահեռներ անցկացնելու նախկին իշխանության ներկայացուցիչների վարվելակերպի հետ, անհաջողության է մատնվելու: Այո՛, իմ գործընկերոջ արձագանքը շատ սխալ էր, բայց միևնույն ժամանակ այդ փորձերը չեն ստացվելու», -ասաց նա և կոչ արեց նախընտրական դիվիդենտ շահելու համար իր գործընկերներին չփորձել պախարակել և դրա համար օգտագործել լրագրողական համայնքին և չշահարկել դա:
«ՀՀ-ում չկա ու չի կարող լինել իշխանություն, որը լրագրողի է ծեծում կամ բռնություն է գործադրում կամ դա գովաբանում է»,-հավելեց դա:
Նշենք, որ ավելի վաղ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հարձակման մասին լրագրողների նկատմամբ: «Եվ դրանից հետո նախարարը սեփական թիմից որևէ մի դատապարտող դիրքորոշման չարժանացավ, բացարաձակապես յուրահատուկ իրավիճակ է»,-ասել է նա:










