Ավստրալիան պատուհասած ջրհեղեղը կարող է «երկու եվրոպական երկրի տարածք զբաղեցնել». մասնագետը ներկայացրել է անոմալ եղանակային պայմանների հետևանքով առաջացած ջրհեղեղի մասշտաբները (տեսանյութ)

13:03 • 24.03.21

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Ավստրալիայի արևելյան ափերին գտնվող բնակավայրերը ջրի տակ են հայտնվել. հորդառատ անձրևներով պայմանավորված ջրհեղեղը ստիպել է տասնյակ հազարավոր բնակիչների հեռանալ իրենց տներից:

Ինչպես հայտնում է BBC News-ը, տարհանված բնակիչների թիվը հասել է 20 հազարի: Եղանակային պայմանների հետևանքով մեկ մարդ զոհվել է Նոր Հարավային Ուելս նահանգում: Մահվան դեպքի մասին տեղեկությունը հաստատել է նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը:

Ավստրալացի գիտնական Թոմաս Մորթլոքի խոսքով՝ երկրի արևելյան ափերին տիրող «եղանակային անոմալ իրավիճակով պայմանավորված ջրհեղեղն այնքան մեծ մասշտաբ ունի, որ երկու եվրոպական երկրի տարածք կարող էր զբաղեցնել»: Ջրով ողողված է Քուինսլենդ նահանգի հարավարևելյան շրջանից մինչև Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգների սահմանը: Խոսքն ավելի քան 1000 կմ երկարությամբ ձգվող տարածքի մասին է:

Համեմատականներ տանելով՝ մասնագետը նշում է, որ ջրհեղեղից տուժած տարածքը կարող է հավասար լինել Էդինբուրգից մինչև կենտրոնական Եվրոպա՝ Շվեյցարիա և Ֆրանսիա ընկած տարածքին:

Նոր Հարավային Ուելս նահանգում փակվել է ավելի քան 200 դպրոց: Նահանգի հրշեջ-փրկարարական ծառայությունը իրավիճակը նկարագրելիս նշել է, որ նահանգի բազմաթիվ շրջաններ «ներկա պահին ներքին ծովի են նման»: