Ընտրական օրենսգրքի հետ կապված շատ հարցեր պարզ կդառնան Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալուց հետո, բայց դրան զուգահեռ պետք է հասկանանք՝ ընտրակարգ չի փոխվելու․ Վլադիմիր Վարդանյան (տեսանյութ)
Վենետիկի հանձնաժողովը իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը և մինչև ապրիլի 20-ը ներկայացնել եզրակացություն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Վերջինս նկատեց, որ քննարկումները ոչ այնքան հին կամ նոր օրենսգրքերի մասին են, որքան այն փոփոխությունների, որոնք հստակություն կմտցնեն գործող ընտրակարգում։
«Համաեվրոպական կոնսենսուս, թե որ ընտրական համակարգն է իդեալական, չկա: Պետք է ասեմ, որ Վենետիկի հանձնաժողովը բազմիցս քննադատել է մեծամասնական ընտրակարգը, իսկ համամասնական ընտրակարգի առանձնահատկությունների վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ է արտահայտել՝ հիմնվելով տարբեր երկրների պրակտիկայի վրա: Պետք է հիշենք, որ ռեյտինգային ընտրակարգը համամասնական ընտրակարգի բաղկացուցիչ մաս է»,– ասաց նա:
Վարդանյանը շեշտեց, որ եթե անգամ ռեյտինգային ընտրակարգը դուրս գա, ԸՕ-ի ընտրակարգը, որպես այդպիսին, չի փոփոխվում՝ բացառելով, որ ընտրակարգի փոփոխությունները կարող են ազդել ընտրության արդյունքների վրա։
«Սկզբունքային փոփոխությունները, որոնք կարող են էականորեն փոփոխել ընտրակարգը, չեն կարող անմիջապես գործարկվել ընտրություններից առաջ, բայց այս պարագայում պարզ համամասնականին անցնելու դեպքում խոսքը գնում է ոչ թե ընտրակարգի փոփոխության, այլ այդ ընտրակարգը ավելի պարզ և մատչելի դարձնելու մասին: Խաղի կանոնները չեն փոխվելու»,– ասաց նա։
Անդրադառնալով ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնող նախագծին՝ Վարդանյանը նշեց. «Անթույլատրելի է, երբ Սահմանադրությամբ նախատեսված մարմիններին քաղաքացին չի կարող դիմել: Սա այն դեպքն էր, երբ ԲԴԽ-ն զրկված էր այդ հնարավորությունից։ Խոսքը չի գնում այն դեպքերի մասին, երբ քաղաքացին դժգոհ է դատարանի կողմից կայացրած ակտից։ Միաժամանակ ԲԴԽ-ն ուղարկված դիմումների հստակ ֆիլտրում պետք է անի»։
Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի թեկնածուի հետ կապված քննարկումներին, պատգամավորն ասաց․ «Կուսակցական լինելը մի բան է, նախկինում կուսակցությանը հարած լինելը՝ մեկ այլ բան։ ԲԴԽ-ն իրավունք ուներ առաջադրելու այդ անձին, որովհետև նա համապատասխանել է այն չափանիշներին, որոնք վերաբերում են Վճռաբեկ դատարանի դատավորի չափանիշներին»:










