Արագածոտնի մարզի երեխաները գիտեին, որ երկրի առաջնորդը եկել է իրենց գյուղ և վազել էին հանդիպման․ Ռոմանոս Պետրոսյան (տեսանյութ)

16:27 • 24.03.21

Բացառում եմ, որ որևէ երեխայի դպրոցից կտանեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, այնտեղ գնալը եղել է երեխաների կամքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այցին Արագածոտնի մարզ։ 

«Ես բացառում եմ՝ որևէ երեխայի դպրոցից կհավաքեն և կբերեն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, այն էլ մամուլի ազատության պարագայում ես բացառում եմ նման բան, երեխաները լսել էին՝ երկրի առաջնորդն է գալու և վազել էին այնտեղ»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։

Նախարարը նաև խոսեց առաջիկայում սպասվող արտահերթ ընտրություններին և նշեց՝ դեռ հստակ որոշումներ չունեն, բայց համամասնական ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը։

«Դաշինքով ենք գնալու, թե կուսակցությամբ նույնիսկ դեռ այդ որոշումները չունենք, բայց մեծ հաշվով թիմը քաղաքական առաջնորդին է տեսնում ցուցակը գլխավորողի դերում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր համամասնական ցուցակը ներկայացնելու է ընտրողների դատին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- տեղեկացրեց նա։

Շրջակա միջավայրի նախարարը նաև նշեց, որ ժողովուրդը չի միացել ընդդիմության բողոքի ցույցերին, իսկ արտահերթ ընտրությունների ժամանակ պարզ կդառնա՝ ում է աջակցում ժողովուրդը։

«Ժողովուրդը ընդդիմության կոչերին ականջալուր չի եղել, և ընդդիմությունը, երկար ժամանակ փակ պահելով գլխավոր պողոտաներից մեկը, վերջնարդյունքում ինքն իր հաշվարկներով հետ հավաքեց իր վրանները և կենտրոնացավ Դեմիրճյան պողոտայում։ Ընտրություններին ժողովուրդն իր քվեով պատասխան կտա՝ ում կողմնակիցն է, և դա կլինի սպառիչ պատասխան բոլորի համար»,- նշեց նա։

Ռոմանոս Պետրոսյանը նաև ընդգծեց, որ վստահ է իրենց քաղաքական թիմի հաղթանակի հարցում և այդ ինքնավստահությունը գալիս է հանրության կողմից։

«Մեր վստահությունը գալիս է հանրության ամենալայն շրջանակների հետ շփումներից, այդ հանրության կողմից եկող ազդակներից, քանի որ վերջին տարիներին եղել են  բարեփոխումներ, ես նկատի ունեմ, իհարկե, համազգային աղետին և դրա անդառնալի հետևանքներին նախորդող գործողությունները»,- ասաց նա։

Շրջակա միջավայրի նախարարը նաև նշեց՝ վերջին շրջանի քաղաքական ճգնաժամն ապացուցեց՝ իրենց առաջնորդը միշտ քաղաքական թիմի կողքին է և երբևէ չի դիմել փախուստի։

«Ես վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանը չի լքելու մեր թիմին, և այդ հարցում ինձ վստահություն է ներշնչում վերջին ամիսների քաղաքական ճգնաժամը, երբ մեր թիմով այդ ամենի միջով  անցնել ենք և ամեն բան հաղթահարել։ Նիկոլ Փաշինյանը երբևէ չի դիմել փախուստի»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։