Աշխարհում հիմա պատվաստման ակտիվ գործընթաց է, մեզ մոտ մի քիչ կարծեք լճացած վիճակ լինի, գուցե բյուջեում փող չկա մասսայական պատվաստման համար․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

18:17 • 24.03.21

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե որքան կրկնակի վարակակիրներ կան:

«Ամբողջ աշխարհում հիմա պատվաստման ակտիվ գործընթաց է գնում և նույնիսկ պատվաստանյութերի համար պատերազմներ են գնում, թե որն է ավելի լավը, որն է ավելի վատը, բայց մեզ մոտ մի քիչ կարծեք լճացած վիճակ լինի: Հիմա մի կողմից հասկանում եմ, միգուցե բյուջեում փող չկա մասսայական պատվաստման համար, բայց ՀՀ-ն քաղաքացին ենթադրենք ուզում է պատվաստվի երբ է կարողանալու գնալ և պատվաստվել»,- ասաց պատգամավորը և նկատեց, որ Վրաստանը առանց պատվաստման իր երկիր չի թողնում մտնել և ենթադրեց, որ եվրոպական մյուս երկրներն էլ դա կիրառեն:

Անահիտ Ավանեսյանը նախ հայտնեց, որ մեզ մոտ մինչև 300 կրկնավարակի օրինակ ունենք: «Բայց նրանք ենթակա են մանրամասն վերլուծության, քանի որ որպեսզի անվանումը դնենք կրկնավարակ, պետք է չափանիշների պատասխանի՝ առաջին երկրորդ թեստավորման արդյունքում գոնե 90-օրյա ժամկետ պետք է լինի և ուսումնասիրություններ են իրականացնում, որոնց արդյունքները շուտով կներկայացնենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պատվաստման գործընթացին, նախարարը պատասխանեց.«Ամբողջ աշխարհում մրցավազք է պատվաստանյութ ձեռք բերելու և Հայաստանը ևս ամբողջ ուժով լծված է՝ մի շարք հարթակներով այդ գործընթացը ապահովելուն: Այս պահին Կառավարությունը բավական ֆինանսական միջոցներ հատկացրել է այս պրոցեսը իրականացնելու և ունենք նախնական պայմանավորվածություն, կնքված պայմանագրիր, որի շրջանակում պետք է ունենանք պատվաստանյութ, բացի այդ, ունենք երկկողմանի համաձայնություն Ռուսաստանի Դաշնության հետ այդտեղից ակնկալում ենք «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներմուծում և ամբողջ թափով պետք է իրականացնենք պատվաստման գործընթացը»:

Նա հայտնեց, որ այս պահին իրականացնում են միայն ռիսկի խմբի քաղաքացիների և բուժաշխատողի պատվաստումը և մոտ վեց հարյուր քաղաքացի այդ խմբերից պատվաստվել է: Նա նշեց, որ պատվաստումը ամենալավ միջոցն է վարակի դեմ և մասնավոր հիմունքներով աջակցում են, որ ընկերությունները կարողանան գնումներ անել և ռիսկի խմբում չպատկանող քաղաքացիները վճարման արդյունքում կարողանան պատվաստվել և այդ գործընթացը ընթացքի մեջ է: