Հիմա, երբ պատերազմի վտանգը տեսանելի է, պետք չէ ռազմական դրությունը վերացնել. Գևորգ Պետրոսյանը դեմ էր քվեարկել ռազմական դրությունը վերացնելու նախագծին (տեսանյութ)
Շատ պարզ պատճառով եմ դեմ քվեարկել, որովհետև այն ժամանակ, երբ ՀՀ-ում ռազմական դրություն սահմանվեց, դրա հիմքերը չկային, հիմա, երբ Հայաստանի գլխին պատերազմի վտանգ է կախված, վերացնում են ռազմական դրությունը, դրա համար էլ դեմ եմ քվեարկել: Տարբերվելու կամ անհարկի հակադրվելու որևէ խնդիր չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով ռազմական դրությունը հանելուն դեմ քվեարկելու մասին:
«Այն ժամանակ պատերազմն Արցախում էր, հիմա երբ թուրքն ամեն օր Հայաստանից գյուղեր է վերցնում, պատերազմի վտանգն էլ շատ տեսանելի է, ես գտնում եմ, որ ռազմական դրությունը չպետք է վերացնեն: Հիմա ամեն ինչ պետք է անել սահմանների անձեռնմխելիությունը բարձր մակարդակի հասցնելու համար: Այս իշխանության համար վերընտրվելն է կարևոր, ոչ թե սահմանների պաշտպանությունը»,-ասաց պատգամավորը:
Պետրոսյանի խոսքով՝ պետք է արագ արձագանքել օրվա հրամայականին և այսօր երկրին սպառնացող վտանգի պարագայում՝ առաջին հերթին չպետք է վերացնել ռազմական դրությունը և երկրորդ՝ չպետք է լինեն արտահերթ ընտրություններ: «Ես դեմ եմ արտահերթ ընտրություններին, որովհետև, ով որ ձախողել է պետության գործերն ու պատերազմը, պետք է հրաժարական տա: Տարածված կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանն այս անգամ նույնպես պատրաստվում է խաբել ժողովրդին, թող ինքը բարի լիներ՝ հրաժարականի օր հայտարարեր, դրանից հետո հաշվարկ արվեր, թե երբ է սպասվում արտահերթ ընտրությունների օրը»:
Դիտարկմանը, թե ըստ էության, ՀՀ-ի սահմաններին նոյեմբերի 9-ից հետո սկսեց վտանգ սպառնալ, սակայն Պետրոսյանը նոյեմբերի 9-ից հետո իր ելույթներում ևս ասում էր, որ պետք է հանել ռազմական դրությունը, պատգամավորն արձագանքեց․ «Չգիտեմ, թե որ ելույթում եմ ասել, ինչ ելույթ է եղել, հետաքրքիր կլինի, որ ինձ հիշեցնենք, բայց այն պահից, երբ սկսել է ՀՀ-ի սահմաններին վտանգ սպառնալ, ես ասել եմ, որ մեր իշխանության ուշադրությունը պետք է սևեռվի այդ ուղղության վրա»:
Անդրադառնալով արտահերթ ընտրություններին և փաստին, որ Նիկոլ Փաշինյանը դեռ հրաժարականի օր չի հայտարարել, Գևորգ Պետրոսյանը նշեց, որ այս ամենն արվում է ընդամենը ժամանակ շահելու համար և Փաշինյանի՝ գյուղեր, մարզեր այցելու նպատակը հենց դա է, որ տեսնի՝ որքանով է հավանական իր ընտրվելը: «Այս իշխանությունն ընտրությունն իր համար թաշկինակ է սարքել, երբ կասի՝ կօգտագործեն, երբ կասի՝ չեն օգտագործի»:
Գևորգ Պետրոսյանը նշեց, որ արդեն ասել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է ուզում տեսնել երկրի ղեկավարի դերում, սակայն այն, ինչը տեղի է ունենում Հայաստանում, իրեն դուր չի գալիս և գուցե որոշի, որ ընդհանրապես դուրս է գալու քաղաքականությունից, որովհետև, ըստ նրա, ո՛չ ընդդիմությունն է նորմալ քայլ անում, ո՛չ իշխանությունն է կարողանում երկիրը ղեկավարել, հակառակ կարծիք ասելու դեպքում էլ համարվում ես դավաճան:
«Այս պահին ամենակարևորը պետական կամքն է, ես թերահավատ եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետական կամք կդրսևորի ընտրություններն արդար անցկացնելու համար՝ առանց ծեծ ու ջարդի, առանց մարդկանց բերման ենթարկելու»:
Մանրամասները՝ տեսանյութում։










