«Նախագահը ստացել է 1-ին դեղաչափը». Պեսկովը մանրամասներ է հայտնել Պուտինի հակակորոնավիրուսային պատվաստումից
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին դեղաչափը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ըստ այդմ, երեք շաբաթվա ընթացքում նա կստանա նաև երկրորդ դեղաչափը», - ավելացրել է նա:
Պեսկովի խոսքով՝ նախագահն իրեն լավ է զգում:
Թե ինչ պատվաստանյութ է օգտագործվել Պուտինի պատվաստման համար, չի հստակեցվում: Այն կարող է լինել ռուսական երեք դեղամիջոցներից մեկը՝ «Սպուտնիկ V»-ը, «Էպիվակկորոնա»-ն կամ «Կովիվակ»-ը:
Նշվածներից միայն առաջին երկուսն են հաստատված 60 տարեկանից բարձր մարդկանց պատվաստելու համար: Ըստ դեղամիջոցը մշակած ընկերությունների հրահանգների, «Սպուտնիկ V»-ի երկրորդ ներարկումն անհրաժեշտ է կատարել երեք շաբաթվա ընթացքում, իսկ «Էպիվակկորոնա»-ինը՝ երկու-երեք շաբաթվա ընթացքում:
«Բոլոր երեք ռուսական պատվաստանյութերն էլ միանգամայն հուսալի են, բացարձակ արդյունավետ և բացարձակապես անվտանգ: Թե ինչպիսի պատվաստանյութ է ընտրել նախագահը, գիտեն միայն նախագահը և նրա բժիշկը», - ասել է Պեսկովը:
Բացի այդ, նա հույս է հայտնել, որ Պուտինի պատվաստումը օրինակ կծառայի մյուս ռուսաստանցիների համար:










