Վարչական դատարանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի. փաստաբանն այսօր բողոքարկելու է
ՀՀ վարչական դատարանը վերադարձրել է ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խնդրելով առոչինչ ճանաչել իրավունքի ուժով ընդունված ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը:
Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը Tert.am-ին պարզաբանեց, որ իրենք լրացուցիչ հայց էին ներկայացրել՝ առոչինչ ճանաչելու իրավունքի ուժով ընդունված ակտը, որը դատարանը հետ է վերադարձրել:
«Վարչական դատարանն ասում է՝ ակտ չկա, ճշտի իրավահարաբերության բացակայություն է: Այս հարցի վերջնական պատասխանը մենք կունենանք Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ բողոքներ ներկայացնելուց հետո, որպեսզի հետագայում մեր բուն գործի քննության ժամանակ վերջնական ակտն այդ հիմքով չբողոքարկեն: Մեր դիմումը վերադարձրել են, ասում են՝ առոչինչ ակտի մասին խոսք չկա, որովհետև ակտ չկա, այդ որոշումը Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանում կվիճարկենք, թող Վճռաբեկ դատարանը վերջնական ասի՝ ակտ կա՞, թե չկա: Մենք այսօր հետ վերադարձրած հայցը կբողոքարկենք Վերաքննիչ դատարան»,-պարզաբանեց նա:
Նշենք, որ Օնիկ Գասպարյանի փաստաբանը Վարչական դատարան հայց էր ներկայացրել՝ նշելով, որ չկա որևէ իրավահարաբերություն, որ ՀՀ վարչապետն ու ՀՀ նախագահը կարող են Գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատել, Վարչական դատարանը հայցը ժամանակավորապես բավարարել է և գործը վարույթ ընդունել:










