Վրաստանում մտադիր են COVID-ի դեմ պատվաստանյութի մոտ 100 չափաբաժին հատկացնել հայտնի անձանց հրապարակային պատվաստման համար
Վրաստանի իշխանությունները մտադիր են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մոտ հարյուր չափաբաժին հատկացնել հայտնի անձանց հրապարակային պատվաստման համար, Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությանը հղումով գրում է apsny.ge-ն։
Նշվում է, որ այդպիսով կառավարությունը ծրագրում է մասսայականացնել COVID-ի դեմ պատվաստումը և դրանց հանդեպ մարդկանց մեջ վստահություն սերմանել։
«Չենք կարող չօգտագործել պատվաստանյութը, որի համար պայքարում է ամբողջ աշխարհը»,- հայտնել է նա։
Ընդ որում, Գաբունիան նշել է, որ եթե պատվաստման տեմպերը երկրում չաճեն, իշխանությունները կթույլատրեն պատվաստել 55-ից բարձր տարիքի քաղաքացիներին: Նրա խոսքով՝ հնարավոր կողմնակի ազդեցությունից խուսափելու համար որոշում է կայացվել ներարկումից հետո պատվաստվածներին հետևել ոչ թե 30, այլ 45 րոպե։
Գաբունիան նաև հայտնել է, որ Վրաստանի ԱԳ փոխնախարարը վերադարձել է Հնդկաստանից, որտեղ նա բանակցություններ է վարել պատվաստանյութ արտադրող խոշորագույն ընկերությունների հետ: Նրա խոսքով՝ Վրաստանը Հնդկաստանի հետ պատվաստանյութերի ձեռքբերման շուրջ համաձայնագիր կկնքի։










