Ձեր գլխավորությամբ խորհրդարանը կրավորական դեր է ունեցել վերջին մի քանի ամիսներին. Գոռ Գևորգյանը՝ Արարատ Միրզոյանին (տեսանյութ)
Դուք խորհրդարանական պետության խորհրդարանի նախագահն եք, և ես ուզում եմ հիշեցնել, որ ոչ միայն Ձեզ ծափահարող զանգվածի նախագահն եք, այլ նաև նրանց, ովքեր չեն ծափահարում: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը՝ անդրադառնալով երեկ Կառավարության անդամների վերաբերմունքին «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորների նկատմամբ, երբ Կառավարության անդամները չպատասխանեցին նրանց հարցերին՝ կոչ անելով գրավոր ուղարկել հարցերը:
Գոռ Գևորգյանը նշեց, որ իր գործունեության ընթացքում մարդկանց չի անձնավորել և համարում է, որ դա ամենամեծ սխալն է, քանի որ գոյություն ունի համակարգային խնդիրներ:
«Ձեր գլխավորությամբ խորհրդարանը կրավորական դերակատարություն է ունեցել վերջին մի քանի ամիսներին և դրա վառ ապացույցն է անցած օրը Կառավարության անդամների կողմից հեգնական վերաբերմունքը խորհրդարանական պետության խորհրդարանի անդամ հանդիսացող պատգամավորների հարցերին և Դուք այստեղ պետք է միջամտեիք և պարտավոր եք միջամտել, այստեղ եք Դուք նաև կերտում Ձեր հետագիծը»,-ասաց նա և կարևորեց փոխադարձ հարգանքը:
Արձագանքելով՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ ինքը իր պարտականությունները և իրավունքներն էլ շատ հստակ գիտի: «Լսեցի Ձեր խորհուրդները, հորդորները, մի մասը համարում եմ կառուցողական, մի մասն էլ թույլ տվեք ես մտածեմ, թող ամեն մարդ իր հետագծի մասին թող նախ մտածի, հետո մյուսների»,-ասաց նա։










