Գտել ենք, որ ավելի լավ է կենտրոնանալ բանակաշինության, քան Օնիկ Գասպարյանի հայտարարությանն անդրադառնալու վրա․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
Հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը և անվտանգային միջավայրը՝ գտել ենք, որ ավելի լավ է կենտրոնանալ բանակաշինության և անվտանգային խնդիրների, քան Օնիկ Գասպարյանի հայտարարությանը անդրադառնալու վրա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու իշխանությունները Օնիկ Գասպարյանի հայտարարությունից անմիջապես հետո չարձագանքեցին և չհերքեցին այն։
«Պատերազմը դադարեցնելու քննարկում առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ին Անվտանգության խորհրդի նիստում։ Հենց այդ նիստում է հնչել այն միտքը, որ մեր կարողություններն այլևս չեն հերիքում, և պատերազմը պետք է դադարեցնել։ Ընդ որում, այդ նիստին մասնակցել են նաև ընդդիմադիրները։ Օնիկ Գասպարյանի այդ հայտարարությունը հանրային մակարդակում ամենաշահարկված թեման է։ Չկա մեկ քաղաքական գործիչ, որ այդ հարցը շահարկած չլինի»,-նշեց ԱխՔ-ը։
Ինչ վերաբերում է պատերազմն ավելի շուտ և քիչ կորուստներով դադարեցնելու հարցին, ինչպես նաև Փաշինյանի կողմից Շուշիի հայկական լինելու վերաբերյալ հարցին, ԱԽ քարտուղարը պատասխանեց․
«Պատերազմը դադարեցնելու երեք հրապարակային գործողություն է եղել։ Պատերազմը չի դադարել ոչ թե մեր որոշումների պատճառով, այլ նրա, որ այդ պատերազմին ինտենսիվ մասնակցություն են ունեցել Թուրքիան, ահաբեկիչները։ Պատերազմի դադարեցումը միակողմանի գործողություն չէ։ Այստեղ էլ շատ շահարկման թեմա կա։ Քաղաքի մասով վարչապետը հավելյալ պարզաբանումներ տվել է։ Այո, Շուշին հայկական քաղաք է»,-նշեց Արմեն Գրիգորյանը։










