Լիբիայում սպանվել է 40 գերու սպանության համար մեղադրվող էլիտար ստորաբաժանման հրամանատարը
Լիբիայի արևելյան Բենգազի քաղաքում մահացու հրազենային վիրավորումից մահացել է ռազմական հրամանատար Խալիֆա Հաֆթարին հավատարիմ բարձրաստիճան ռազմական գործիչ Մահմուդ ալ Վերֆալին, որը հետախուզվում է ռազմական հանցագործության համար, հայտնում է Al Jazeera լրատվականը՝ հղում տալով բժիշկների հաղորդած տվյալներին։
Չորեքշաբթի զինված անձինք կրակ են բացել Ալ Վերֆալին տեղափոխող մեքենայի վրա՝ վիրավորելով նրան և նրա զարմիկ Այմանին: Այդ մասին AFP լրատվական գործակալությանը հայտնել է անանուն աղբյուրը: Հայտնի է դարձել, որ Բենգազիի բժշկական կենտրոն հասնելուն պես երկուսն էլ մահացել են:
Վերֆալին, որը ծնվել է 1978 թվականին, վերջին տարիներին Լիբիայի արևելյան շրջաններում գերակշռող ուժերի կոալիցիային՝ Հաֆթարի ինքնահռչակ «Լիբիայի ազգային բանակ»-ին, կից էլիտար ստորաբաժանման հրամանատար էր։
Հաագայի Միջազգային քրեական դատարանը երկու անգամ Վերֆալիին մեղադրել է ավելի քան 40 գերու սպանության համար։
«Սադեք» ինստիտուտի հիմնադիր Անաս էլ Գոմաթին ասել է․ «Նա պարզապես անողոք և անգութ մարդասպան է։ Բենգազին շատ արագ վերածվում է Հյուսիսային Աֆրիկայի սպանության մայրաքաղաքի»։
Ըստ Գումատիի Մահմուդ ալ Վերֆալիի սպանությունը «Լիբիայի ազգային բանակ»-ի թուլացման նշան է։
Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի անդամ Թարեք Մեգերիսին նշել է, որ Արևելյան Լիբիայում հակառակորդ խմբավորումների միջև լարվածությունը սրվում է և կարող է պատասխան գրոհների վերածվել հետագայում։










