Նարեկ Վանեսյանը չէր հաղթահարել ծրագրերի ներկայացման փուլը, քանի որ հավաքել էր 5 դեմ, 2 կողմ ձայն. Մեսրոպ Մեսրոպյան (տեսանյութ)
Տարածվող ինֆորմացիան, իբրև թե Նարեկ Վանեսյանը հաղթահարել էր բոլոր փուլերը, ծայրից ծայր սխալ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:
«Այդ ինֆորմացիան ծայրից ծայր սխալ է եղել, դատարանում նման ինֆորմացիա չկա, որ ինքը հաղթող է ճանաչվել, դատարանը ընդամենը այդ մասով վարույթ է վերցրել և այդ վարույթը ընդունելու հիմքով միջանկյալ որոշում է կայացրել, որ առաջիկա մրցույթը կկասեցվի»,- ասաց Մեսրոպյանը:
Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր հաստիքի համար հունվարի 26-ին կայացել է մրցույթ, որին մասնակցել է 7 թեկնածու: Հաջորդ օրը Կոտայքի մարզպետարանը տարածել էր պարզաբանում, ըստ որի՝ 7 մասնակիցներից ոչ ոք չի հաղթահարել մրցույթի 3 փուլերը և պետք է մրցույթ կազմակերպվի:
Կոտայքի մարզպետը նաև մեկնաբանեց՝ ծրագրերի ներկայացման փուլում գաղտնի քվեարկության ժամանակ Նարեկ Վանեսյանը չի հաղթահարել մրցույթը:
«Այդ անձը 7 մասնակիցներից մեկն էր, և ծրագրերի ներկայացման 3-րդ փուլի քվեարկության ժամանակ ես և մեր հանձնաժողովի մյուս անդամները փակ գաղտնի քվեարկությամբ 5 դեմ, 2 կողմ ձայներով քվեարկել ենք, և հետևաբար նա վերջին փուլը չի հաղթահարել»,- նշեց Կոտայքի մարզպետը:










