Վաշինգտոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ն դժվար թե մինչև մայիսի 1-ն Աֆղանստանից դուրս բերի իր ուժերը
ԱՄՆ-ն դժվար թե մինչև մայիսի 1-ն Աֆղանստանից դուրս բերի իր ուժերը, ինչպես պահանջում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և «Թալիբան» արմատական շարժման միջև կնքված համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի նախագահ Ադամ Սմիթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կոնգրեսականի խոսքով՝ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության հարցն անձամբ քննարկել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի, ինչպես նաև Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ:
«Ես կարծում եմ՝ կա ընդհանուր տեսակետ, որ մայիսի 1-ը շատ վաղ է․ մենք մոտ 3,5 հազար զինվորական ունենք Աֆղանստանում։ Մեր դաշնակիցները՝ մոտ 7 հազար։ Անհնար է վեց շաբաթվա ընթացքում կազմակերպել ավելի քան 10 հազար զինվորականի դուրսբերումը»,- հայտարարել է Սմիթը:
Նա նաև նշել է, որ վարչակազմի համար «թիվ մեկ խնդիրը» Աֆղանստանում ԱՄՆ-ի գլխավորած ուժերի ներկայությունը որոշ ժամանակով երկարաձգելու հնարավորության քննարկումն է:
«ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ցանկանում է մայիսի 1-ից հետո բանակցություններ անցկացնել, իսկ հետո, առնվազն, պարզել՝ արդյոք «Թալիբան» շարժման անդամները չեն փոխել իրենց դիրքորոշումը։ Գուցե նրանց դիրքորոշումը փոխվել է: Ես կասկածում եմ։ Վարչակազմը կարծում է, որ արժե քննարկել այդ հարցը»,- ասել է Սմիթը։
2020 թվականի փետրվարի 29-ին ԱՄՆ-ի նախորդ վարչակազմը և «Թալիբան» շարժումը Դոհայում խաղաղության համաձայնագիր են ստորագրել: Համաձայն պայմանավորվածությունների՝ Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցներն ու կոալիցիան պարտավորվում են 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից դուրս բերել բոլոր զորքերը։ Թալիբներն իրենց հերթին երաշխավորում են, որ Աֆղանստանի տարածքը չեն օգտագործի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների անվտանգության համար սպառնալիք ներկայացնող գործողությունների համար:










