Մերձբալթյան երկրներն արգելել են Լուկաշենկոյի 118 կողմնակցի մուտքն իրենց տարածք

15:07 • 25.03.21

Էստոնիան, Լատվիան և Լիտվան արգելել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի 118 կողմնակցի մուտքը իրենց տարածք, նրանք, իբր, պատասխանատու են «ժողովրդավարական շարժումը» ճնշելու համար: Այս մասին հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Եվա Մարիա Լիյմեթսը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 «Էստոնիան, Լատվիան, Լիտվան, ի նշան համերաշխության Բելառուսի ժողովրդի հետ, որը նշում է Ազատության օրը, այսօր արգելք են սահմանել ռեժիմի իրավապահ և դատական իշխանությունների 118 այլ անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են ժողովրդավարական շարժման համակարգային ճնշման համար»,-գրել է Լիյմեթսը թվիթերում:

Իր հերթին, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկիրը, ԵՄ-ի հետ միասին, կշարունակի աշխատել ձերբակալվածներին ազատ արձակելու համար, որոնց իրենք համարում են քաղբանտարկյալ:

Ինչպես հայտնում է Նաուսեդայի մամուլի ծառայությունը, Լիտվան, Լատվիան և Էստոնիան Լուկաշենկոյի կողմնակիցների նկատմամբ մշակել են ազգային և տարածաշրջանային պատժամիջոցների նոր փաթեթ:

Օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը, ըստ ԿԸՀ-ի, հավաքել է ձայների 80,1%-ը, երկրում սկսվել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ: Ընդդիմությունը կարծում է, որ Տիխանովսկայան հաղթել է, և պահանջում է բանակցություններ վարել իշխանության փոխանցման և նոր ընտրությունների շուրջ: Նախկին թեկնածուն ընտրություններից անմիջապես հետո մեկնել է Լիտվա: Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական հոդվածով գործ է հարուցել՝ իշխանությունը զավթելու կոչերի մասով, Տիխանովսկայան դրա շրջանակներում գլխավոր մեղադրյալն  է, նա Բելառուսում և Ռուսաստանում միջպետական հետախուզման մեջ է գտնվում: