Կանադան AstraZeneca պատվաստանյութի պիտակի վրա կնախազգուշացնի թրոմբի առաջացման վտանգի մասին
Կանադայի առողջապահության նախարարությունը թարմացրել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութի ուղեցույցները և դրա պիտակի վրա ներառել թրոմբի հնարավոր առաջացման մասին նախազգուշացում:
Այս մասին հաղորդվում է երկրի առողջապահության նախարարության կայքում:
«Առողջապահության նախարարությունը թարմացրել է հակակորոնավիրուսային AstraZeneca և Covishield պատվաստանյութերի նկարագրության բաժինը և պիտակը՝ դրանում ներառելով AstraZeneca պատվաստանյութի կողմնակի ազդեցության՝ շատ հազվադեպ հանդիպող թրոմբոցիտների առաջացման մասին նախազգուշացում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, գերատեսչությունը հայտնել է, որ առողջապահական ծառայություններ մատուցող անձանց և պատվաստանյութեր ստացողների համար պատվաստվելուց հետո հնարավոր ախտանիշները վերահսկելու ուղեցույց է թողարկել: Միևնույն ժամանակ, նախարարությունը շարունակում է պնդել AstraZeneca-ի անվտանգության մասին և հորդորում է քաղաքացիներին պատվաստվել երկրում առկա դեղամիջոցներով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Եվրամիության մի շարք երկրներ վերջերս դադարեցրել են AstraZeneca-ով պատվաստումները՝ դրանք ստացած մարդկանց մոտ առանձին դեպքերում թրոմբոցիտների քանակի պակասի և բարդացումների մասին ահազանգերի պատճառով։
Դեղամիջոցների եվրոպական գործակալության զեկույցի համաձայն՝ պատվաստանյութը կարող է կապված լինել արյան հյուսվածքներին առնչվող շատ հազվադեպ դեպքերի հետ:










