Մեծ Բրիտանիայում հայտնել են Նազարբաևի թոռան մահվան իրական պատճառը

17:42 • 25.03.21

Նախորդ ամռանը Լոնդոնում թմրանյութերից կախվածության պատճառով, սակայն բնական մահով մահացել է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Այսուլթան Նազարբաևը:

Այս եզրակացության մասին հայտարարել է Արևմտյան Լոնդոնի դատաքննիչ Ֆիոնա Ուիլկոքսը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Մեծ Բրիտանիայում Նազարբաևների ընտանիքի ներկայացուցիչները:

«Երեկ դատաքննիչը եկել է այն եզրակացության, որ Այսուլթանի մահը կասկած չի հարուցում, քանի որ կապված է թմրանյութերի օգտագործման հետ և վրա է հասել բնական պատճառներով՝ կոկաինային կախվածության հետևանքով»,- մանրամասնել են գործակալության զրուցակիցները:

Ըստ իրավապահ մարմինների՝ վկաների, ոստիկանության և հոգեբույժի ցուցմունքների հիման վրա կազմած արձանագրության, մի քանի տարի թմրանյութերից կախվածության դեմ պայքարող 29-ամյա Այսուլթանի մահվան պատճառները կասկածներ չեն հարուցում:

Հիշեցնենք՝ 2020 թվականի օգոստոսի կեսերին Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրը՝ Դարիգան, հայտարարել էր որդու՝ Այսուլթանի մահվան մասին: Ղազախական լրատվամիջոցներում մահվան ենթադրյալ պատճառը սրտի կաթվածն էր:

2020 թվականի փետրվարին Այսուլթանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ինքը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից՝ վախենալով իր անվտանգության համար: Նա Ղազախստանի ղեկավարությանը մեղադրել էր կոռուպցիայի համար,  ինչպես նաև հայտարարել էր իր ընտանիքի անդամների կողմից ճնշումների մասին: