Պենտագոնը մեկնաբանել է ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը
Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակումը ցույց է տալիս այն սպառնալիքը, որը ներկայացնում է նրա զենքի մշակման ծրագիրը հարևան երկրների և համաշխարհային հանրության համար, կարծում են ԱՄՆ-ի Հնդկա-խաղաղօվկիանոսյան զինված ուժերի հրամանատարությունում: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք տեղյակ ենք այսօր առավոտյան ԿԺԴՀ-ի հրթիռների արձակման մասին: Մենք կշարունակենք վերահսկել իրավիճակը և սերտ խորհրդակցություններ կանցկացնենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ: Այս գործողությունն ընդգծում է ԿԺԴՀ-ի ապօրինի զենքի ծրագրի սպառնացող վտանգը հարևան երկրներին և միջազգային հանրությանը»,-ասված է Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության ներկայացուցիչ Մայք Կաֆկայի հաղորդագրության մեջ:
«ԱՄՆ-ի նվիրվածությունը Հարավային Կորեայի և Ճապոնիայի պաշտպանությանը մնում է անսասան»,-ասել է հրամանատարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն անցյալ տարվա մարտի 29-ից ի վեր առաջին անգամ բալիստիկ հրթիռներ է արձակել: Կառավարության ղեկավարը Փհենյանի այս գործողությունները անվանել է սպառնալիք Ճապոնիայի և տարածաշրջանի անվտանգության համար: Վարչապետը նշել է, որ նման գործողությունները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:










