ԳՇ-ում ստեղծված վիճակը սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություն է. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Այս ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը արել է հակասահմանադրական քայլեր, որոնք պետք է հավաքագրել և ցույց տալ ժողովրդին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Անօրինական հրամանը իրականացնողը նույն չափ գործում է հանցագործություն և կա առաջարկ նյուրնբերգյան դատավարությամբ Նիկոլ Փաշինյանին դատելու: Պետք է ստեղծվի ազգային կամ ժողովրդական տրիբունալ: Անհրաժեշտ է ուղղակի այս ողջ ընթացքի հակասահմանադրական գործողություններն ի մի բերել, ամեն մի հանցագործությունը փաթեթով հակիրճ ներկայացնել և տարածել ժողովրդի մեջ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նա նաև նշեց, որ ազգային տրիբունալը մեծ շրջադարձ կարող է իրականացնել և կկարողանա կանխել Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետագա ծրագրերը, որոնք հանրությանը հայտնի չեն:
«Տրիբունալը պետք է կանխի այն ամենը, ինչը մեզ հայտնի չէ, եկեք հասկանանք՝ մեզ այդպես էլ մինչ այսօր հայտնի չեն ամբողջական այն ծրագրերը, որոնք արդեն իսկ պայմանավորված են ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող քաղաքացի Փաշինյան Նիկոլի և Ալիևի միջև»,- ասաց նա:
Իրավապաշտպանը նաև նշեց, որ ԳՇ-ի դեմ արված գործողությունները հանցագործություններ են և գործող իշխանությունը քայլեր է ձեռնարկում, որոնք քայքայում են պետականությունը, այդ ամեն մասին տեղյակ է նաև Արտակ Դավթյանը:
«Գլխավոր շտաբի դեմ արված գործողությունները սահմանադրական կարգի և պետական անվտանգության դեմ հանցագործություններ են: Ցանկացած ոք, այդ թվում Արտակ Դավթյանը գիտի, որ իրավիճակն անօրինական է և այս դեպքում հայկական բանակի գեներալն ընդունում է մի որոշում, որն ամբողջովին քայքայում է պետականության հիմքերը»,- նշեց իրավապաշտպանը:
Նրա հավաստմամբ՝ Նիկոլ Փաշինյանը չի գործել միայնակ, նրա ողջ թիմը իր հանցակիցներն են, և նրանք գործել են ոչ միայն պատերազմական շրջանում, այլ հակահայկական գործողություններ են իրականացրել 2018 թվականից սկսած, չնայած դրան Նիկոլ Փաշինյանն առ այսօր ընդլայնում է իր հանցակիցների շրջանակը:
«Կառավարության բոլոր անդամները, Ազգային ժողովի իշխող պատգամավորները՝ բոլորը Նիկոլ Փաշինյանի հանցակիցներն են, որոնց գումարվել են զինվորականները, ԳՇ պետը, 2018 թվականին ես ասել եմ՝ այս գործողությունները բնորոշ են քայքայիչ, ավերիչ աղանդներին, իսկ հիմա մենք տեսնում ենք ավերիչ խմբի այդ ընդլայնումը»,- մեկնաբանեց Լարիսա Ալավերդյանը:
Իրավապաշտպանը նաև անդրադարձավ գերիներին և անհետ կորածներին՝ նշելով գործող իշխանությունը տեղյակ է, թե ինչքան անհետ կորած և գերի կա, բայց առ այսօր հանրությանը չի հայտնում դրա մասին:
Նա նաև ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը, հանձնելով հողերը, հանձնել է նաև տղաներին, որոնք եռակողմ պայմանագիրը ստորագրելու պահին մարտնչում էին թշնամու դեմ:
«Իշխանություններին քաջ հայտնի է անհայտ կորածների և գերիների թիվը, ինչո՞ւ չեն ասում հասարակությանը՝ ինչքան գերի կամ անհայտ կորած կա: Ստորագրելու պահին այն զինվորները և սպայական անձնակազմը, որոնք դեռ մարտական գործողությունների մեջ էին, չգիտեին, որ տարածքները, որտեղ նրանք մարտական գործողություններ են իրականացնում արդեն իսկ հանձնվել են իրենց հետ միասին»,- ասաց իրավապաշտպանը:










