Ձեր խաթր, ժողովրդի խաթր որոշեցինք փոխհատուցման չափը փոխել. Նիկոլայ Բաղդասարյանը՝ վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման բարձրացման մասին (տեսանյութ)

11:42 • 25.03.21

Նախատեսվող դրամական փոխհատուցումը զրպարտության ու վիրավորանքի համար ոչ թե եռապատկվում է, այլ շեմն է բարձրացվել: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, պատասխանելով հարցին, որ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը եռապատկում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը, վիրավորանքի գործող 1 մլն-ի փոխարեն մինչև 3 մլն դրամ տուգանք, իսկ զրպարտության դեպքում 2 մլն-ի փոխարեն մինչև 6 մլն դրամ:

Դիտարկմանը, որ Ժուռնալիստների միությունն արդեն դիմել է մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ նախագահին, նշելով, որ սա խոսքի ազատության դեմ է և տեղավորվում է իշխանության քաղաքական տրամաբանության մեջ և այս համատեքստում ինչպիսինն է Բաղդասարյանի արձագանքը:

Նրա խոսքով` պետությունը բարձրացրել է շեմը, ասելով, որ օրինակ լրատվամիջոցներից մեկը զրպարտիչ հոդված է հրապարակում, և օրինակ տնտեսվարողը դրանից վնաս է կրում, պետությունն ասում, որ մինչև այս պահը 10 մլն-ից 2 մլն-ը կարող է ստանալ, իսկ օրենքն ընդունվելուց հետո 10 մլն-ից 6-ը կստանա որպես փոխհատուցում:

«Մեր պետությունում տուգանք, սանկցիա ասվածը զրո է: Այլ պետություններում կա կարգավորում, եթե զրպարտիչ հոդված եք հրապարակում, ապա վարչական պատասխանատվության կենթարկեն տվյալ լրատվամիջոցին, կնշանակեն տուգանք, օրինակ՝ 50 հազար դրամի չափով, և բացի դա, տնտեսվարող սուբյեկտը հնարավորություն կունենա դիմել՝ տվյալ լրատվամիջոցից այդ 10 մլն-ը ստանալու համար: Մենք այդ 10 մլն-ի շեմն ենք բարձրացրել, ոչ թե 50 հազարի»,- ասաց պատգամավորը:

Լրագրողի դիտարկմանը, որ եթե Նիկոլ Փաշինյանին շարունակում են անվանել դավաճան, իսկ պատգամավորներին հայտնի հայտարարությունից հետո՝ ուսապարկ, այս պարագայում ինչ է նախատեսվում և արդյոք այս ամենը տեղավորվում է այս նախագծի շրջանակում, պատգամավորը պատասխանեց, որ լրագրողի նշածը կապ չունի նախագծի հետ: 

«Պարզաբանեմ, որ ՀՀ քրեական օրենսգիրքը, դեռևս 63 թվականից նախատեսված, մինչև օրս նախատեսում է քրեական պատասխանատվություն ակնհայտ սուտ մատնություն անելու համար: Դավաճանությունը, Քրեական օրենսգրքով արգելված արարք է և համարվում է ծանր հանցագործություն: Եթե դուք գաք, և ինձ ասեք դավաճան, և ասեք, որ ես հող եմ հանձնել կամ այլ բան, դա հանցագործություն է: Եթե լրատվամիջոցն է դա ասում, կամ փողոցում ինչ-որ մեկը, դա քրեորեն պատժելի արարք է: Քրեական օրենսգրքով, դատախազությունը կամ քննչական մարմինները պետք է հարուցեն քրեական գործ և այդ քրեական գործի շրջանակում մարդուն հարցաքննեն: Եթե մարդը չի կարողանում հիմնավորել, որ նիկոլ Փաշինյանը կամ այլ մարդը կատարել է այդ արարքը, ինքը պիտի դատվի»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով, այսօր ՀՀ-ում տարբեր մարդիկ չեն գիտակցում այդ մասին: Նա ասաց նաև, որ եթե ի պաշտոնե անձին վիրավորում են, ապա նա պիտի դիմի դատարան, վնասի փոխհատուցում ստանալու համար:

«Մենք բազմիցս ասել ենք, սա սանկցիա չէ, փոխհատուցում է: Փոխհատուցման չափը որոշվում է դատարանի կողմից: Ձեր խաթր, ժողովրդի խաթր որոշեցինք փոխհատուցման չափը փոխել: Այսինքն, եթե մարդու վնասը կազմում է 10 մլն, ապա մարդը կարողանա հնարավորինս շատ իր վնասի փոխհատուցումը ստանալ»,- ասաց պատգամավորը: