ԲՀԿ–ն շարունակում է 17 կուսակցությունների շարժմանը մասնակցել, քանի որ հնարավոր են ֆորս մաժորային իրավիճակներ. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

12:56 • 25.03.21

Վարչապետի և խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների միջև եղել է նախնական պայմանավորվածություն, իսկ կպահպանվեն այդ պայմանավորվածությունները, թե ոչ, պարզ կլինի ապրիլի վերջում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: 

«Եթե նախնական պայմանավորվածություններ չպահպանվեն, ապա լուրջ խնդիրներ կլինեն, բայց ես չգիտեմ՝ ինչ են խոսել Փաշինյանը և Ծառուկյանը: Կգա ապրիլի 20-ը, կտեսնենք՝ ինչ գործողություններ է անում Նիկոլ Փաշինյանը, չեն լինի գործողություններ՝ ժողովուրդը նորից ոտքի կկանգնի, բայց ես ենթադրում եմ՝ ընտրությունները լինելու են»,- ասաց Մելքումյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ իրենց խմբակցությունը շարունակելու է գործել «Հայրենիքի փրկության շարժման» հետ, քանի որ նրանք պետք է խուսափեն ֆորս մաժորային իրավիճակներից նաև հավելեց, որ անձամբ կիրակի օրը նախատեսվող հանրահավաքին պատրաստվում է մասնակցել:

«Մենք զուգահեռ գնում ենք 17-ի ձևաչափով, որպեսզի եթե որևէ պայմանավորվածություն խախտվի և ֆորս մաժորային իրավիճակներ լինեն, ընդդիմությունը կարողանա քայլեր ձեռնարկել: Մենք «Հայրենիքի փրկության շարժման» ձևաչափի շարժման մեջ ենք և որևէ նոր բան չի քննարկվել, ես մարտի 28-ի հանրահավաքին մասնակցելու եմ, բայց մենք չենք քննարկել, որ կիրակի օրվա հանրահավաքին գնալու ենք, թե ոչ»,- նշեց պատգամավորը:

Նա նաև անդրադարձավ արտահերթ ընտրությունների ֆինանսավորմանը և նշեց՝ նոր իշխանության գալու և այս ճգնաժամը հանգուցալուծելու համար պետությունը պետք է համապատասխան ֆինանսավորում իրականացնի: Միքայել Մելքումյանը նաև նշեց, որ իրենց կուսակցությունը դեռ քննարկումներ չի իրականացնում ցուցակների հետ կապված:

«Նախորդ տարի խոսվում էր՝ պետք է հանրաքվե անցկացվեր և նախատեսվում էր 3 միլիարդ գումար, այսինքն՝ գուցե նույն ռեժիմը լինի և այդ նույն ծավալը կիրառվի: Պետք է համապատասխան ձևով ֆինանսավորում ստացվի, քանի որ արտահերթ ընտրությունների միջոցով մենք բացառում ենք բախումները: Որևէ ցուցակի հարց չի քննարկվել որևէ տեղ, քանի որ ես գոնե կիմանայի դրա մասին, իսկ հիմա մենք գնում ենք մեր կուսակցության բնականոն հունով»,- նշեց պատգամավորը:

Միքայել Մելքումյանը նաև անդրադարձավ այն հարցին, որ Հայաստան մուտք գործող ինտերնետի թրաֆիքի մեծ մասը սպասարկող ընկերությունն ադրբեջանցի սեփականատիրոջ  կողմն է անցնելու, իսկ մինչև այդ վրացական կողմինն է եղել:

«Սեփականատերն է ադրբեջանցի, բայց ձեռնարկությունը գործում է տվյալ երկրում և տվյալ երկրի օրենքներով, բայց այդ ամենը ռիսկեր է պարունակում, մեր պետությունը անվտանգության բարձիկներ պետք է ունենա, սա արդեն ազգային անվտանգության հարցն է»,- նշեց նա: